Երկուշաբթի օրը Եվրամիության դեղամիջոցների շրջանառությունը կարգավորող գերատեսչությունը հայտնել է, որ վերանայել է իր եզրակացությունը Moderna-ի COVID-19 խթանող պատվաստանյութի մասին և հաստատել, որ 18 տարեկան և բարձր տարիքի մարդիկ կարող են կրկին պատվաստվել՝ երկրորդ դեղաչափից առնվազն վեց ամիս հետո, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Սա երկրորդ COVID-19-ի խթանող պատվաստանյութն է, որը հաստատվել է ԵՄ-ում։

«Որոշումը հիմնվում է այն տվյալների վրա, որոնք ցույց են տալիս, որ Spikevax-ի երրորդ դեղաչափը, որը տրվել է երկրորդ դեղաչափից 6-8 ամիս անց, հանգեցրել է հակամարմինների մակարդակի բարձրացմանը մեծահասակների մոտ, որոնց հակամարմինների մակարդակը նվազել էր»,- հայտարարել է ԵՄ դեղամիջոցների գործակալությունը (EMA):

Այս ամսվա սկզբին գերատեսչությունը հավանություն է տվել Pfizer-BioNTech-ի խթանիչ դեղաչափին և առաջարկել պատվաստման երրորդ չափաբաժին Pfizer-BioNTech-ով կամ Moderna-ով պատվաստված անձանց, որոնց մոտ արչձանագրվել է իմունային համակարգի թուլացում: Որոշումը խթանիչի զանգվածային պատվաստման մասին պետք է ընդունեն ազգային կառավարությունները:

Երկուշաբթի գործակալությունը հայտնել է, որ պատվաստումների արշավների իրականացումը մնում է խորհրդատվական խմբերի իրավասության ներքո, որոնք առաջնորդում են պատվաստումների արշավները ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրում:

Տնտեսությունների վերականգման, կորոնավիրուսի ավելի վարակիչ «Դելտա» տարբերակի դեմ պայքարելու և ձմռանը հետագա արգելափակումներից խուսափելու ճնշման ներքո գտնվող ԵՄ մի քանի անդամ երկրներ նախաձեռնել են իրենց սեփական խթանող պատվաստման քարոզարշավները դեռևս նախքան ԵՄ գերատեսչության ուղեցույցների հրապարակումը: Այս առումով տարբեր երկրներում գերիշխում են տարբեր մոտեցումներ, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

ԱՄՆ իշխանություններն իրենց հերթին թույլատրել են Pfizer-BioNTech, Moderna և Johnson & Johnson-ի խթանող չափաբաժինների պատվաստումները:

340