Armtimes.com-ը գրում է․

Վերջին երկու տարիներին հայ ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել երկու արհավիրքի. սկզբում ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսային հիվանդությունը, որը մինչ օրս չի նահանջում, ապա արցախյան 44-օրյա պատերազմը: Այս ամենը, ըստ հոգեբանների, լուրջ հոգեբանական խնդիրներ է առաջ բերել մեր հանրության շրջանում:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է՝ այս իրավիճակներից հետո լուրջ հոգեբանական խնդիրը, որ առաջացել է հասարակության մոտ, անտարբերությունն է:

«Սա տեղի է ունենում շատ լուրջ սթրեսներից հետո: Այն իրավիճակները, որոնց հանդիպեց մեր հասարակությունը, և որը ունի մեր ազգը, բերել է անտարբերության: Անտարբերությունն ամենուր է. ընտանիքներում, միմյանց հետ հարաբերություններում»,- ասում է հոգեբանը:

Քովիդը, հետո պատերազմը պատճառ դարձան մարդկանց հուզական ինտելեկտի խանգարմանը: Ծատուրյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում ապրած ցավը հանգեցրեց նրան, որ մարդը, իր էմոցիաները սպառելով, որպես պաշտպանական ռեակցիա ընտրեց անտարբերությունը: Այդ պատճառով է, որ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը կարծես այդքան էլ չի անհանգստացնում մեր հասարակությանը, ինչպես նաև դրա հետևանքով գրանցվող մահացածության դեպքերը:

«Մարդ պետք է հասկանա, որ ինքն անտարբեր է, որը կարող է կհանգեցնել դեպրեսիաների և լուրջ հետևանքների: Մարդիկ հիմա ազատ են, չեն հետևում հակահամաճարակային կանոններին, մասնակցում են հարսանիքների, տարբեր առիթների: Անտարբերության հետևանքով է, որ նրանք չեն գիտակցում՝ դիմակ չդնելով և կանոներին չհետևելով՝ վտանգ են հանդիսանում և՛ իրենց, և՛ մյուսների համար»,- ասում է Ծատուրյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

683