Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի hանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ինքն իրեն ևս մեղավոր է համարում հակառակորդին թերագնահատելու համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց՝ լսելով իր վերադասներին, թերագնահատել է իրավիճակը և իր սխալը տեսնում է այդ ամենում, բայց արդյոք դա միայն ի՞ր մեղքն էր, կամ արդյոք այդ ոլորտի պատասխանատուն ի՞նքն էր:

«Կարծում եմ, որ ոչ, պետությունում կային ամբողջական ինստիտուտներ, որոնք պարտավոր էին ճիշտ գնահատել, թե 32 «Սմերչը» 10 «Սմերչից» ինչքանով է շատ, կամ՝ նրանք 100 հատ նոր տանկ էին առնում, մենք ոչ մի հատ չունեինք: Կան փակ զեկույցներ, որոնք, եթե հանձնաժողովը ուսումնասիրի (44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը- խմբ.), շատ բաներ ջրի երես կհանի»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը խոստացավ որպես փորձագետ այդ ամենին տալ իր գնահատականը։

«Կան ոլորտի պատասխանատուներ, որոնք գիտակ մարդիկ են ու իրենց փակ զեկույցներում, հաշվետվություններում վերադասին 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 թվականներին գնահատել են ու լավ էլ գրել են, որ հակառակորդը ի վիճակի է իր խնդիրը այսքան տոկոսով լուծել (վտանգավոր տոկոսների մասին է եղել խոսքը), մեզ այսքան տոկոսով վնաս հասցնել։ Բավական ազնիվ գնահատականներ կան, ուղղակի զեկույցներն են գաղտնի: Եվ աբսուրդն այն է, որ այն մարդիկ, ովքեր այդ զեկուցագրերը գրել են, այսօր ուրիշ բան են խոսում: Սխալները շատ են եղել այն ժամանակ էլ, հիմա էլ, որոշումներ կան, որ սխալ ենք կայացրել, թեև պատերազմի ժամանակ էլ ենք սխալ որոշումներ կայացրել, դա էլ պետք է քննվի, հիմնավորվի, թե ինչու այսպես եղավ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

938