Հայաստանում  նախատեսվում է 2022-ի հունվարի 1-ից սպառողների համար փոփոխել ջրի սակագինը, քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Ավելի վաղ «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել:

Հանձնաժողովն արդեն վերջացնում է Ջրային կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկումները՝ համաձայնագրի կնքման համար, որով նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա կտրվածով վարձավճարների փոփոխություն չի լինի: «Այսինքն, կունենանք շուրջ 200 դրամի մոտ սակագի: Միաժամանակ շրջանառության մեջ է դրվում կառավարության որոշում, որով առաջարկվում է սոցիալապես անապահով սպառողների խումբ առանձնացնել, որոնց համար գինը չի բարձրանա»,-ասաց Բաղրամյանը:

Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա:

«Սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, կարող եմ ասել, որ միանշանակ չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են»,-ասաց Բաղրամյանը՝ նկատի ունենալով հանձնաժողով սակագնի փոփոխման հնարավոր հայտնի ներկայացման, ուսումնասիրման և որոշման կայացման ժամկետները:

Սակայն ռուսական կողմի հետ սահմանին գնի հարցով բանակցությունները շարունակվում են:

Էլեկտրաէներգիայի մասով դեռ քննարկումներ են ընթանում: Երբ հանձնաժողովը վերջնական հաշվեկշիռներ ստանա, նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին` կհայտնի: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն:

464