Հայաստանի տարբեր մարզերում տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով որոշ համայնքներում քաղաքական ուժերը չեն ձևավորվել մեծամասնություն (50+1) և ստիպված են լինելու կոալիցիա կազմել կամ համագործակցել անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ։ Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե արդյոք քաղաքական ուժերը պատրաստ են համագործակցել և կոալիցիա կազմել մյուս քաղաքական ուժերի հետ, ո՞ր քաղաքական ուժերի հետ նրանք որևէ դեպքում կոալիցիա չեն կազմելու։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն չի ձևավորել Թալին, Արաքս, Վարդենիս, Արարատ, Ախուրյան, Ամասիա, Արթիկ, Վայք և Նոյեմբերյան համայնքներում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ իրենք բանակցում են միայն առողջ քաղաքական ուժերի հետ։

«Հենց այս պահի դրությամբ առողջ ուժերի հետ բանակցություններ վարվում են, և դրանք բավականին հաջող ընթանում են»,- հավելեց Ալեքսանյանը։

Ալեքսանյանն ընդգծեց՝ ՔՊ-ն բացառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրանց հետ առնչվող քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաջողվել է հաղթել Աբովյան համայնքում, սակայն ԲՀԿ-ն նույնպես մեծամասնություն չի ձևավորել։

Կուսակցության անդամ Արման Աբովյանը բացառում է իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելը, որն Աբովյանում գրավել է երկրորդ տեղը։ Համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Հանրապետություն» կուսակցությունը և ՀՅԴ-ն:

«Կմեջբերեմ նախընտրական ցուցակի առաջին համար Էդուարդ Բաբայանի խոսքերը, ով բացառել է իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցը, իսկ մնացած ուժերի հետ համագործակցելու առումով զերծ կմնամ ներկայումս ինչ-որ բան ասել»,- ասաց Աբովյանը։

«Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթանակ է տոնել Վանաձորում և այնտեղ նույնպես որոշիչ դեր են ունենալու անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը նշեց, որ պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, սակայն քաղաքական կոալիցիա չեն պատրաստվում կազմել։

«Կաշխատենք, կտեսնենք: Ում հետ ինչ պայմանավորվածություն ձեռք բերենք, ըստ այդմ առաջ կշարժվենք, սակայն քաղաքական կոալիցիաներ չենք պատրաստվում կազմել։ Բնականաբար, համագործակցելու ենք բոլոր քաղաքական ուժերի հետ. 5 տարի միասին աշխատելու ենք, ինչպե՞ս կարող ենք չհամագործակցել»,- ընդգծեց Ասլանյանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը իր հերթին հաջողության է հասել Փարաքար համայնքում։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասաց, որ ներկայումս ամփոփիչ աշխատանքներ են տարվում։

« Ամփոփումը կավարտենք, կհասկանանք իրավիճակը, որից հետո կհայտարարենք՝ որտեղ ինչպես ենք անելու»,- հավելեց Թանդիլյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցության և «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ներկայացուցիչների հետ չհաջողվեց կապ հաստատել, որոնք հաջողության էին հասել համապատասխանաբար Վեդի և Նաիրի համայնքներում՝ չձևավորելով մեծամասնություն։

1380