Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ-ի կողմից հիմնադրված «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի՝ Արևելյան գործընկերություն» ծրագիրը շարունակում է գործել Հայաստանում՝ նպաստելով համայնքների կլիմայական և էներգետիկ քաղաքականությունների ձևավորմանն ու իրականացմանը՝ ապահովելով տեխնիկական աջակցություն և կարողությունների զարգացում տեղական մակարդակում։
Ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆերինգի խոսքով՝ ծրագրի արդյունավետությունը հիմնականում գնահատվում է Դաշնագրին անդամակցող համայնքների քանակով, ինչպես նաև այդ համայնքներում իրականացվող էներգաարդյունավետության և կլիմայական ծրագրերով։ «Նույն գործառույթը կիրառվում է նաև Եվրոպայում։ Նաև դիտարկում ենք, թե այդ համայնքներում որքան ծրագրեր են իրականացվել էներգաարդյունավետության և կլիմայական առումով»։
Ծրագիրը 2026–2027 թվականներին իր գործունեության առանցքում կպահի համայնքներին ուղղված մի շարք հիմնական ուղղություններ՝ Դաշնագրին անդամակցող ՏԻՄ-երին տեխնիկական և խորհրդատվական աջակցություն, տեղական կլիմայական և էներգետիկ ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանն աջակցություն, կարողությունների զարգացում հաղորդակցության, կլիմայի, էներգետիկայի, ֆինանսների և այլ ոլորտներում, ինչպես նաև ԵՄ Կայուն էներգիայի շաբաթների շրջանակում կայուն էներգիայի օրերի և իրազեկման միջոցառումների իրականացում։
Միաժամանակ նախատեսվում է իրականացնել նաև նոր նախաձեռնություններ՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության խորացում, տեխնիկական աջակցության ազգային փորձագիտական թիմերի հզորացում, համայնքապետարաններում էներգետիկ և կլիմայական կառավարման համակարգերի ներդրում, ինչպես նաև տեխնիկական խորհրդատվական կենտրոնների ստեղծում, որոնք կաջակցեն համայնքներին ծրագրային առաջարկների և ներդրումային պորտֆելների մշակման գործընթացում։

Անդրադառնալով համայնքներում արտանետումների մակարդակներին՝ ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը նշել է, որ դրանք ուղղակիորեն կախված են համայնքի մեծությունից։ Նրա խոսքով՝ արտանետումների հաշվարկման ընթացքում համայնքները հիմնականում ներառում են այն ոլորտները, որոնց վրա ունեն անմիջական ազդեցություն՝ չներառելով արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտը և գյուղատնտեսությունը։
«Դրանով է բացատրվում, որ բնակչությունը, որպես կանոն, համարվում է ամենահիմնական արտանետողը, ինչից էլ կախված է քաղաքի արտանետումների ծավալը։ Եթե արդյունաբերական սեկտորը հաշվի առնվեր, հարաբերակցությունն այլ կլիներ»,- ընդգծել է Արտեմ Խարազյանը։
«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի՝ Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը միավորում է շուրջ 12 հազար համայնք։

Հայաստանում ներկայումս Դաշնագրին անդամակցում է 30 համայնք։ Դրանցից 7-ն արդեն մշակել են իրենց էներգետիկ և կլիմայական ռազմավարությունները, 11 համայնքում ռազմավարությունների մշակման գործընթացը մեկնարկել է, իսկ ևս 4 համայնք այդ գործընթացը կսկսեն 2026 թվականին։ Ակնկալվում է, որ 2027 թվականին Դաշնագրին անդամակցող համայնքների շուրջ 75 տոկոսն արդեն կունենա հաստատված ռազմավարություններ։
Նախաձեռնությունը Հայաստանում իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգման ներքո՝ Հայաստանի համայնքների միության, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ։