
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անհրաժեշտ են Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու համար և հույս է հայտնել, որ հետագա շփումները կշարունակվեն, հայտնում է Հայկական ժամանակը։
«Ապացուցված է, որ երկխոսության ռազմավարությունը միշտ տալիս է իր պտուղները: Հունվարի սկզբին կողմերը պայմանավորվեցին վերսկսել խորհրդակցությունների գործընթացը: Ահա թե ինչ ենք անելու առաջիկա օրերին»,- ասել է նա Le Journal du Dimanche թերթի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր:
Մոսկվայի հետ բանակցությունները, ըստ Ֆրանսիայի ղեկավարի, «անհրաժեշտ են առավել քան երբևէ՝ եթե չենք ցանկանում պահպանել ստատուս-քվոն, որը բոլորին ստիպում է անհանգստանալ մեր հավաքական անվտանգության համար»,- ասել է նա։
«Միացյալ Նահանգներն այսօր անում է նույն բանը, ինչ ես անում էի արդեն մի քանի տարի՝ նրանք խոսում են ռուսների հետ։ Սա լավ նորություն է», - հավելել է Մակրոնը։ Միաժամանակ նա կարծում է, որ դա հեշտ ճանապարհ չէ, և «լարվածության մակարդակը բարձր է»։
Նախագահը նաև ընդգծել է, որ Ֆրանսիան և Գերմանիան երկար ժամանակ բանակցություններ են վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Մինսկի համաձայնագրերի շրջանակներում։
Աղբյուր՝ Հայկական ժամանակ։