
Փետրվարի 15-ին տեղի կունենա ԵԱՀԿ հանդիպումը, որի ընթացքում, Կիևի խնդրանքով, կպարզաբանվի ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով զորքերի տեղաշարժի հետ կապված իրավիճակը։
Հանդիպումը կանցկացվի Վիեննայի վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների մասին փաստաթղթի (VD-2011) համաձայն:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն մանրամասնել էր, որ գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան երեկ հանձնարարել է պաշտոնական հարցում ուղարկել ԵԱՀԿ՝ առանձին հանդիպման՝ «ռուսական զորքերի ուժեղացման և տեղափոխման հարցը» քննարկելու համար։
«Նման հանդիպումը պետք է կայանա 48 ժամվա ընթացքում, հավանաբար փետրվարի 15-ին»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նիկոլենկոն նկարագրել է նաև Կիևի հետագա գործողությունները «երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ անբավարար տեղեկատվություն» ստանալու դեպքում։ Նրա խոսքով, այդ ժամանակ Կուլեբան կնախաձեռնի Մշտական խորհրդի և ԵԱՀԿ-ում անվտանգության համագործակցության ֆորումի համատեղ նիստը։
«Ոչ միայն քննարկելու իրավիճակը, որը ստեղծվել է Ուկրաինայի սահմաններին և ժամանակավոր օկուպացված տարածքներում, այլ նաև Ռուսաստանի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ առաջարկությունների հնարավոր մշակման համար»,- ընդգծել է նա։