Ամեն տարի Հայ Առաքելական եկեղեցին Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն 48 օր Մեծ Պահք է պահում։ 

Araratnews.am-ը Ձեզ է ներկայացնում Մեծ Պահքի կանոնները և հշեցնում, որ 2022 թվականին Մեծ Պահքը կսկսվի փետրվարի 28-ին և կվերջանա ապրիլի 17-ին։ Այդ օրն էլ կնշվի Սուրբ Զատիկը։  

Ի՞նչ է պահքը:

Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկում ու զսպվածություն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

Ինչո՞ւ 48 օր։ 

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իսկ քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: 

Հիշեցնենք, որ Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Նշենք նաև, որ Մեծ Պահքը կիսվում է միջինքով։ Այդ օրը Պահքը չեն ընդհատում: Ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Ի՞նչն է արգելված Մեծ Պահքի ժամանակ։ 

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Ի՞նչ չի կարելի անել պահքի ժամանակ։

- Հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու)։ 

- Հրաժարվել մոլություններից (ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ, հաճույքի և զվարճանքի վայրեր, որկրամոլություն, ագահություն, բղջախոհություն և այլն):

- Հնարավորինս հեռու մնալ սեռական հարաբերություններից ու տեղ չտալ ցանկասիրությանը: Խոսքն անշուշտ ընտանիքի մասին է, իսկ ընտանիքից դուրս նման հարաբերություններից առհասարակ պետք է հրաժարվել թե՛ պահքի ընթցքում, թե՛ դրանից դուրս։

- Հրաժարվել լեզվի «հիվանդություններից»` ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից և ամեն տեսակ լեզվական արատներից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը և պղծում են մարդուն։

- Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից (այսինքն՝ պահքը չպետք է դառնա հպարտանալու և ամբարտավանալու միջոց, որ տե´ս, ես պահք եմ պահում, իսկ նա չի պահում: Պետք է հեռու մնալ նենգություններից, դառն ու հուսահատ արտահայտություններից, որոնք մեռցնում են մեր հոգեկան կենսունակությունը և վնասակար մանրէի նման վարակում նաև մեր շրջապատը: Պետք է հրաժարվել վիճաբանություններից, կռվազանություններից, որոնք խանգարում են մեր և մեր շուրջ եղողների խաղաղությունը:

- Հեռու վանել մեզանից եսասիրությունը և միշտ մեր եսասեր տրամադրությունները մասնավոր ճիգով զոհելով, առհասարակ մարդկանց հանդեպ լցված լինենք բարյացակամությամբ և բազմաթիվ այլ կերպերով արտահայտել մեր բարյացակամությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ` հաճախ զրկելով մեզ մեր փոքր առավելություններից և իրավունքներից:

 Ի՞նչ է խրախուսվում անել պահքի ժամանակ։

- Առաջին հերթին և, ամենակարևորը, դա հարատև աղոթքն ու Սուրբ Գրքի ընթերցանությունն է։ 

- Պետք է ջանալ բարիք գործել, այսինքն` օգնել և օժանդակել։ 

- Կարեկցանք, խնամք` նյութական և հոգևոր օժանդակություն ցուցաբերել աղքատ ու հաշմանդամ մարդկանց և առհասարակ նրանց, ովքեր ունեն կարիքներ` թեթևացնելով նրանց դրամական պարտքերը, օգտակար լինել մեզ նմանների հազար ու մի կարիքները:

- Նյութական օժանդակություններին զուգահեռ, եթե ի վիճակի չենք նյութական օգնություն ցույց տալու, կարող ենք ժամանակը տրամադրել ազնիվ նպատակներին և գործերին` այցելելով հիվանդներին և բանտարկյալներին, որբանոցներ և ծերանոցներ, սուգ ու ցավ ունեցողների` անկեղծ ու մարդկային զրույցով կիսելով նրանց հոգու ծանրությունը:

 

Թագուհի Մանուկյան 

Աղբյուր՝ qahana.am

13577