Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ջեյմս Ֆորդը ողջունել է ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններն այն մասին, որ Հայաստանում խորհրդարանի ընտրությունն անցել է կանոնակարգված և պրոֆեսիոնալ, շնորհավորել է վարչապետ Փաշինյանին և վերահաստատել Միացյալ Թագավորության աջակցությունը ժողովրդավարական կայունության ամրապնդմանը:

«Շնորհակալություն եմ հայտնում մեր հայ գործընկերներին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

Միացյալ Թագավորությունը ողջունում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, որոնցում նշվում է, որ ընտրության օրն անցել է կանոնակարգված և պրոֆեսիոնալ, իսկ քվեարկությունն ընդհանուր առմամբ հարթ է անցել բոլոր ընտրատեղամասերում: Բարձր ենք գնահատում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ ընտրության կազմակերպման հարցում և շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ:

Մեծ Բրիտանիան գնահատում է ԺՀՄԻԳ-ի կարևոր դերն ընտրական գործընթացներին անկախ գնահատականներ տալու գործում և հպարտ է լինելու այն 42 մասնակից պետության շարքում, որոնք դիտորդներ են ուղարկել Հայաստան։ Մենք դարձյալ հանձնառու ենք աջակցելու Հայաստանին իր ժողովրդավարական կայունությունն ամրապնդելու հարցում և վստահ ենք, որ իշխանությունները կառուցողական մասնակցություն կունենան ԺՀՄԻԳ-ի սահմանած հարցերի լուծմանը՝ ապագայում ընտրական ամբողջականությունն էլ ավելի ամրապնդելու համար:

Մեծ Բրիտանիան ակնկալում է համագործակցել Հայաստանի նոր, ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հետ՝ մեր ռազմավարական գործընկերությունն իրականացնելու, տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու և եվրոպական գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու համար»,- ասված է փոխդեսպանի ողջույնի խոսքում:

90