Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ  Արթուր Մանուկյանի որոշմամբ երեկ՝ փետրվարի 28-ին, ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված  քրգործը հարուցվել է փետրվարի 11-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած  խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով:  

Նյութերի նախապատրաստման  ընթացքում ոստիկանության Մարտունու բաժնի և քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ  Mercedes–ը վարել է Երևանի բնակիչ, 52-ամյա Սեյրան Թովմասյանը, իսկ Volkswagen-ը վարել է Վարդենիկ գյուղի բնակիչ, 48-ամյա  Միսակ Աբրոյանը:  

Վթարի հետևանքով  Mercedes-ի ուղևոր, Ծովինար գյուղի բնակիչ, 60-ամյա Մեխակ Մելքոնյանը տեղում մահացել էր, իսկ  2 վարորդներն ու Volkswagen–ի ուղևորներ, Վարդենիկ գյուղի բնակիչներ,  66-ամյա Անահիտ Սարգսյանը, 65-ամյա Սոֆիկ Սարգսյանն ու 56-ամյա Գայանե Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Մարտունի» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից  Ա. Սարգսյանը փետրվարի 14-ին հիվանդանոցում մահացել է: Փետրվարի 27-ին հիվանդանոցում  մահացել է նաև Ս. Սարգսյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 11-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Զոլաքար գյուղի վարչական տարածքում, բախվել էին Mercedes և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն։  

3875