SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մաթևոս Մանասյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ մարտի 23-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝  Mitsubishi-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 52-ամյա Ռազմիկ Սարգսյանը, իսկ Opel-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 64-ամյա Գալուստ Գալստյանը:  Վթարի հետևանքով  Opel-ի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 39-ամյա Արմինե Ավետիսյանը, ով Երևանում հայտնի ակումբներից մեկում պարուհի էր, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Opel-ի մյուս ուղևոր, Երևանի բնակիչ,  51-ամյա Ռուզաննա Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 23-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել  Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Լուսագյուղի վարչական տարածքում՝ Սև ջուր կոչվող կամրջի վրա, բախվել էին Mitsubishi Pajero io և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի, ով Opel-ի ուղևորներից է եղել, տեղում մահացել էր: Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բդոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել  էր քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մաթևոս Մանասյանի գլխավորությամբ:

4479