Լեդ լամպերը բավականին արդյունավետ են և շիկացման լամպերի համեմատ մոտ 8-9 անգամ քիչ էլեկտրաէներգիա են ծախսում, այսինքն՝ մոտ 80-90 տոկոսով էլեկտրաէներգիայի ծախսը լուսավորության համար պակասում է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց  ինժեներ-էներգետիկ  Ալեքսանդր Թոռչյանը՝ անդրադառնալով լեդ լամպերի խնայողության արդյունավետությանը:

«Իսկ եթե համեմատում ենք լյումինեսցենտային լամպերի հետ, ապա լեդ լամպերը մոտ 2,5-3 անգամ քիչ էլեկտրաէներգիա են ծախսում»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե որևէ ընտանիք բնակարանի բոլոր լամպերը փոխարինի և դնի լեդ լամպեր, ապա բնակարանի էլեկտրաէներգիայի ընդհանուր ծախսը մոտավորապես 25-30 տոկոսով կնվազի:

«Ովքեր ունեն հնարավորություն` փոխում են: Լեդ լույսերն ավելի թանկ են, եթե, օրինակ, շիկացման լամպերն աժեն 100-150 դրամ, ապա համապատասխան լեդ լամպերը ներկայումս 600-700 դրամ արժեն, սակայն այն որոշ ժամանակ անց հանում է իր ծախսը, և կես տարում կարող է ծախսված գումարը դուրս գալ»,- ասաց մասնագետը:   Նա նշեց, որ որոշ  երկրներում  շիկացման լամպերի արտադրությունն անգամ արգելվել է:

Նշենք որ Երևանում ձմռան ամիսներին 110-120 միլիոն դրամ է ծախսվում փողոցային լուսավորության համար, իսկ ամռան ամիսներին՝ 60-70 միլիոն դրամ: Հաշվի առնելով մասնագետի հիմնավորումները ստացվում է, որ փողոցային լույսերը լեդ լամպերով փոխարինելուց  հետո Երևանի բյուջեն կխնայվի, և ձմռանը 120 միլիոնի փոխարեն կծախսվի 15 միլիոն, իսկ ամռանը մինչև ինը միլիոն դրամ:

Լիաննա Առաքելյան

1637