«Ազգային միավորում» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենը ընտրությունների երկրորդ փուլից առաջ փոխել է իր ընտրարշավի պաշտոնական կարգախոսը։ 

Նոր կարգախոսը՝ «Բոլոր ֆրանսիացիների համար» գրությամբ ստորագրությունն այժմ երեւալու է քաղաքական գործչի դիմանկարով ագիտթերթիկների վրա։ Սկզբում այդ կարգախոսով լուսանկարը հրապարակել էր Եվրախորհրդարանի պատգամավոր Ժորդան Բարդելան, որը կատարում է «Ազգային միավորման» նախագահի պարտականությունները Լը Պենի ընտրարշավի ժամանակ։

Կարգախոսը համապատասխանում է այն հայտարարությանը, որով նախագահի թեկնածուն հանդես էր եկել ընտրությունների՝ ապրիլի 10-ին ավարտված առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Ինչպես հավաստիացրել է Լը Պենը, նա «ազատվել է կուսակցական կապերից»՝ թողնելով միավորման նախագահի պաշտոնը, եւ պատրաստ է «նախագահ դառնալ բոլոր ֆրանսիացիների համար»։

Քվեարկությունն սկսվելուց առաջ Լը Պենն օգտագործել էր «Կինը՝ պետական գործիչ Ֆրանսիայի համար» կարգախոսը։ Ընտրությունների առաջին փուլում նա զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 23,15 տոկոսը եւ զիջելով Էմանուել Մակրոնին (27,84 տոկոս)։

490