Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ խստորեն դատապարտել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի վերջին մեկնաբանությունները՝ կոչ անելով վերջինիս հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես հայտնի է, մադրիդյան դերբիում «Ատլետիկոյից» կրած պարտությունից (1:2) հետո Տեբասը հայտարարել էր, թե մադրիդյան ակումբի պաշտոնական հեռուստաալիքը ճնշում է գործադրում մրցավարների վրա: Այս խոսքերը լուրջ դժգոհություն են առաջացրել «արքայական» ակումբում, ինչին հետևել է պաշտոնական կոշտ արձագանք։

«Ակումբն անթույլատրելի է համարում, որ Լա Լիգայի նախագահն օգտագործում է իր ինստիտուցիոնալ դիրքը՝ շարունակելով վարկաբեկել և հարձակվել «Ռեալի» վրա այնպես, ինչպես նա դա անում է իր գրեթե յուրաքանչյուր հրապարակային ելույթում: Մեծ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Լա Լիգայի բոլոր ակումբների շահերը պաշտպանող անձը պարզապես տարված է մեզ թիրախավորելու մոլուցքով՝ ակումբը վերածելով իր հանրային հարձակումների մշտական թիրախի»,- ասված է հայտարարության մեջ։

Մադրիդցիներն ընդգծել են, որ Տեբասի վերջին խոսքերը հատկապես անընդունելի են և հարիր չեն պատասխանատու ղեկավարին, քանի որ դրանք արվել են ի պատասխան անկախ լրագրողի հոդվածի, սակայն վերածվել են ակումբի մարզական ռազմավարության անպատասխանատու քննադատության։ Ըստ «Ռեալի»՝ Լա Լիգայի նախագահն իր ժամանակն ու անձնական հարթակները տրամադրում է ակումբին հանրայնորեն վարկաբեկելուն՝ փոխանակ նպաստելու իսպանական ֆուտբոլում վստահության ամրապնդմանն ու մրցաշարի անկողմնակալության ապահովմանը: Դրանով նա անդառնալի վնաս է հասցնում իսպանական ֆուտբոլի համաշխարհային հեղինակությանը:

«Հաշվի առնելով այս անտեղի վարքագիծը՝ մենք կարծում ենք, որ Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլը հրատապ նոր առաջնորդի կարիք ունի, որն ի վիճակի կլինի ղեկավարել և զարգացնել այն՝ պահպանելով խիստ չեզոքություն: Լա Լիգային պետք է մարդ, որը հասկանում է իր դերը. նախագահը մրցաշարի սեփականատերը չէ, այլ կառավարիչ, որը պետք է ծառայի իրեն վստահող ակումբներին և գործի բացարձակ ազնվությամբ»,- եզրափակել է «Ռեալի» մամուլի ծառայությունը։

146