
Տավուշի մարզում՝ (Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհ) 2022 թվականի մայիսի 14-ին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք
Կառավարության նիստին այս մասին հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը: Նախարարը նշեց, որ մրցույթի նպատակն է թիմային վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը։
«Մրցաշարին կարող են մասնակցել հանրապետության բոլոր դպրոցների լավագույն թիմերը, որոնք մարզային փուլերում հաղթող են ճանաչվել (ընդամենը 12 թիմ), յուրաքանչյուր թիմի կազմում՝ 5 տղա, 2 աղջիկ (7 աշակերտ) և 1 ներկայացուցիչ»,- ասաց Դումանյանը:
Նա նշեց, որ ԿԳՄՍ-ն ավելի քան 24 միլիոն դրամ կհատկացնի մրցաշարը կազմակերպելու համար:
« Նշված գումարի մեջ պարգևատրման ֆոնդը կազմում է 14 միլիոն 715 հազար դրամ: թիմային խճուղավազքի մրցույթում առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կպարգևատրվի 4 միլիոն դրամով, երկրորդ տեղը` 2.5 միլիոն դրամով, երրորդ տեղը`1.5 միլիոն դրամով»,- եզրափակեց Դումանյանը: