ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ: «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 55 կողմ ձայն:

Հայաստանում միավորման, խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից ի վեր, և այդ պահից սկսած Հայաստանի 908 բնակավայրեր միավորվել, խոշորացել են, արդյունքում այս պահին կա 72 միավորված համայնք:

Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է արդեն միավորված 13 համայնքներ միավորել ավելի մեծ փնջերի մեջ, և այժմ գործող միավորված 13 համայնքների փոխարեն ունենալ 5 միավորված համայնք: Արագածոտնի մարզում Թալին և Արագածավան համայնքների միավորման արդյունքում կլինի թվով 34 բնակավայրերով Թալին համայնքը, բնակչությունը՝ 37.5 հազարի չափ, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ և Շողակաթ համայնքների միավորումից՝ Ճամբարակ համայնքը՝ 19 բնակավայրով և 15 հազար բնակչությամբ, Լոռու մարզում Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքների միավորումից՝ Ալավերդի խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով և 42 հազար 700 բնակչությամբ, Լոռու մարզում Տաշիր, Մեծավան և Սարչապետ համայնքների միավորումից՝ Տաշիր համայնքը՝ 24 բնակավայրերով և 28 հազար բնակչությամբ և Սյունիքի մարզում Սիսիան և Գորայք համայնքների միավորումից՝ Սիսիան համայնքը՝ 36 բնակավայրերով, 31.5 հազար բնակչությամբ:

Այսպիսով` օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանում այժմ գոյություն ունեցող 79 համայնքների փոխարեն կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է լրացում: Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի՝ համայնքի ավագանու նիստ հրավիրելու հնարավորություն ընձեռվում էր համայնքի աշխատակազմի ղեկավարին, փոփոխությամբ նա փոխարինվել է ավագանու տարիքով անդամով:

483