Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը եռօրյա այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ են ունեցել Չեխիայի գործընկերների հետ:

Մասնավորապես հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Օլգա Ռիխտերովայի հետ, ում ներկայացրել են տարածաշրջանին և ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերը` հրատապ հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ մեր գործընկերների գործուն աջակցության կարևորությունը ընդգծելով:

Հանդիպում են ունեցել Չեխիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ժենիշեկի հետ, քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող առաջնահերթությունները, վերահաստատել ՀՀ դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանն ուղղված ջանքերը շարունակելու պատրաստակամությունը:

Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Պատգամավորների պալատում իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական դեմոկրատական» խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի և բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը անդրադարձել են երկու խորհրդարանների միջև համագործակցությունն առավել խորացնելու հնարավորություններին և ուղղություններին, քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ընդգծել ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահության շրջանակներում խաղաղության և տարածաշրջանային անվտանգության օրակարգերի կարևորությունը:

Հանդիպման ավարտին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հայանպաստ գործունեության համար պետական պարգևներ է հանձնել Մարեկ Բենդային և Յիրժի Կոբզային:

Արթուր Հովհաննիսյանը և Մերի Գալստյանը Հանդիպել են նաև Չեխիայի խորհրդարանի Սենատի ԵՄ հարցերով կոմիտեի փոխնախագահ Յիրժի Չունեկի հետ, ներկայացրել են Եվրոպական միության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունները, ՀՀ ձեռքբերումները և շարունակական ջանքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ, CEPA-ի կիրարկման ընթացքի և այդ ոլորտում Չեխիայի հետ արդեն գործող և նոր համագործակցության հնարավորությունները:

Հանդիպել են նաև Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի և փոխնախագահ Յիրժի Կոբզայի հետ, քննարկել են երկու խորհրդարանների միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները, մասնավորապես ջրային ռեսուրսների, հանքարդյունաբերական թափոնների ռիսկերի կառավարման, կենցաղային թափոնների տեսակավորման և վերամշակման ոլորտներում չեխական փորձի ուսումնասիրության և տեխնիկական աջակցության հնարավորությունները:

Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել գործընկերների և ոլորտի մասնագետների խմբով այցելել Հայաստան առաջիկայում համագործակցության հստակ ոլորտներ սահմանելուց հետո:

Այցի շրջանակներում մասնակցել են նաև Չեխիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը պետական պարգևներ է հանձնել ներկա և նախկին մի շարք չեխ խորհրդարանականներին` Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման, համընդհանուր արժեքների պաշտպանության և հայանպաստ գործունեության համար, մասնավորապես Հայոց ցեղասպնության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովրդին սատարող բանաձևերի համար:

Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ անունից երախտագիտություն է հայտնել չեխ գործընկերներին՝ հայ ժողովրդին կողքին լինելու համար:

1110