Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց N 86 հասցեում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր շենքի կառուցումը հետաձգվում է։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունված նախագծից, պարզվել է, որ այդ տարածքում դամբարանադաշտ է եղել։ 

«Փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց N 86 հասցեի շուրջ 15 հեկտար հողամասը հանդիսանում է հուշարձանային գոտի (համաձայն առկա քարտեզների տարածքը հանդիսանում է դամբարանադաշտ)»,- նշված է որոշման նախագծում։

Խնդրի պարզաբանման, անհրաժեշտ ուսումնասիրություն կատարելու և կարգավորման ուղիներ փնտրելու նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեն հարցը քննարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։

Նախարարությունը դիմել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։ Վերջինս կատարել է տարածքի նախնական ուսումնասիրություն, և տարածքում դամբարանների առկայությունը պարզելու նպատակով առաջարկել է կատարել գեոռադարային հանույթ։ 2022 թվականի մարտի 24-ին ընդունած որոշմամբ, կառավարությունն այդ նպատակով 10 մլն դրամ է հատկացրել: Այս լրացուցիչ ուսումնասիրությունը կտևի շուրջ 3 ամիս, որից հետո ևս 1 ամսվա ընթացքում կիրականացվի վերլուծություն։

Տարածքում հուշարձաններ չհայտնաբերելու դեպքում նշված տարածքը կառավարության որոշմամբ կհանվի հուշարձանների պետական ցանկից, ինչից հետո միայն հնարավոր կլինի ստանալ շինարարության թույլտվությունը և սկսել շինարարական աշխատանքները։

Այդ ամբողջ գործընթացը, կառավարության նախնական գնահատմամբ, կտևի ընդհանուր շուրջ 6 ամիս:

591