
Թեհրանն ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորությունները, սակայն նման խնդիր կառավարության օրակարգում չկա։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար, փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։
«Իրանը տեխնիկական հնարավորություններ ունի ատոմային ռումբ ստեղծելու համար, սակայն նման ծրագիր օրակարգում չկա»,- նրա խոսքերն է մեջբերում Fars-ը։ AEOI-ի ղեկավարը նշել է, որ Թեհրանի հասցեին միջուկային զենք ստեղծելու ձգտման մեղադրանքներն անհիմն են։ «Այդ կեղծ մեղադրանքները Իսրայելի կողմից հնչում են հակահեղափոխական ուժերի աջակցությամբ՝ հասարակական կարծիքը փոխելու նպատակով»,- ասել է նա։
Էսլամին ասել է, որ «կառուցողական համագործակցություն է հաստատվել Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջեւ, որն անխափան է գործում»։ «Մեր բոլոր գործողությունները իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո գտնվող Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում»,- ասել է նա։