Եվրոպայում գազի ամենաբարձր գինը Նիդեռլանդներում է։ Այս մասին հայտնում է Energievergelijk.nl կայքը, որը մասնագիտացած է էներգետիկ վիճակագրության մեջ։

Ավելի վաղ Եվրոպայում գազի գնով առաջատար էր ճանաչվել Շվեդիան, որի բնակիչները վճարում էին գրեթե 24 ցենտ մեկ կիլովատ/ժամի համար կամ 2,31 եվրո մեկ խորանարդ մետր գազի համար։ Նիդեռլանդները, որը երկրորդ տեղում էր՝ 23 ցենտ մեկ կիլովատ ժամում կամ 2,25 եվրո մեկ խորանարդ մետր գազի դիմաց, ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում շրջանցեց Շվեդիային։

Եվրոպական 33 երկրներում էներգիայի գների վերլուծության համաձայն՝ հոլանդացիները, որոնք նոր պայմանագիր են կնքել գազի և էլեկտրաէներգիայի ծառայություններ մատուցողների հետ, այժմ վճարում են մոտ 28 ցենտ մեկ կիլովատ/ժամի համար, կամ 2,76 եվրո մեկ խորանարդ մետր գազի համար։

Նշվում է, որ Նիդեռլանդների տնտեսությունը մեծապես կախված է գազից, եւ «եթե գազի մատակարարումները նվազեն, իսկ Ռուսաստանը անջատի գազի փականը, դա անմիջապես կզգացվի»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդեռլանդների բնակիչները, որոնք գազի և էլեկտրաէներգիայի համար նոր պայմանագիր կկնքեն կոմունալ ծառայությունների մատակարարների հետ, տարեկան 4000 եվրոյով ավելի են վճարելու գազի և էլեկտրաէներգիայի համար, քան նախորդ տարի։ Հոլանդական լրատվամիջոցները գրել են նաև, որ հոլանդացիները վառելափայտ են կուտակում ձմռանը, որպեսզի տաքացնեն իրենց տները գազի գնի բարձրացման ֆոնին:

1178