Սիսիան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը բեռնատարների վարորդները փակել են: Դժգոհ են բեռնատարները պարտադիր կշռման գործընթացից: Այս հարցով օրեր առաջ նրանք Սյունիքում հանդիպել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ, այնուհետև նախարարության ներկայացուցիչների, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացվել Երևանում՝ «Լուրեր»-ին փոխանցել է նախարարության մամուլի խոսնակը:

Սոնա Հարությունյանի խոսքով՝ վարորդները խնդրել են բեռների սահմանված առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28: Նշենք, որ գերբեռնված բեռնատարները տուգանվում են 200 հազար դրամի չափով:

Սոնա Հարությունյան - Ե՛վ նախարարության, և՛ տեսչական մարմնի աշխատողները հիմնավորել են, որ սահմանված նորմերը, քաշը, կշռման կարգը դրանք սահմանված կարգեր են, միջազգային չափանիշներին, ստանդարտներին համապատասխանում են, և դրանից ավելին թույլատրելը նշանակում է վնասել ճանապարհները:

Մենք խնդրին տեղյակ ենք, բայց այս պահի դրությամբ շարունակում է մնալ այս վիճակում: Էնտեղ աշխատում է տեսչական մարմնի թիմը: Այն մեքենաները, որոնց քաշը համապատասխանում է սահմանված նորմերին, թույլատրվում է անցնել, կարող են ազատ ճանապարհ անցնել: Բայց վերջին շրջանում տեսչական մարմնի գործունեությունը ցույց է տալիս, որ խոսքը 1-2 տոննա ավել բեռնված մեքենաների մասին չէ, երբեմն նույնիսկ կրկնակի բեռնված մեքենաներ, բեռնատարներ են հանդիպում, որոնք էական վնաս են պատճառում ճանապարհներին: Տաթև-Աղվանիի օրինակը վառ ապացույց է, թե ինչպես կարող են գերբեռնված մեքենաները մեկ տարում վնասել ճանապարհը:

1079