«Օրերը, որոնք անցկացնելու եք Ազգային ժողովում, ձեզ համար կլինեն վճռորոշ. դուք ձեր ապագան կերտելու լավագույն հնարավորությունն ունեք»,-ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը՝ ողջունելով «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին խորհրդարանում: Նա տեղեկացրել է աշակերտներին, որ Հայաստանի Ազգային ժողովի շենքն աշխարհում օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ կառույցներից չորրորդն է:

Օգոստոսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Ամառային դպրոց» ծրագիրը: Ծրագրին մասնակցում է մրցութային փուլը հաղթահարած Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցների շուրջ 48 աշակերտ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:«Վաղ առավոտից աշակերտները մեծ ոգևորությամբ սպասում էին դասերի մեկնարկին՝ կազմակերպիչներին հղելով ամենատարբեր հարցեր. մեկն ուզում էր տեսնել վերանորոգված զինանշանը, մյուսը հետաքրքրվում էր, թե ինչ եղանակով կարելի է մասնակցել օրենքներ գրելու գործընթացին:

\«Եթե դպրոցական տարիքում ինձ նման հնարավորություն ընձեռվեր, ապա, անկասկած, ես էլ ձեզ նման բաց չէի թողնի պետության հիմունքների և օրենսդիր մարմնի կառուցվածքի, գործունեության և լիազորությունների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ստանալու այս հնարավորությունը»,- ողջունելով աշակերտներին՝ ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Դասընթացների ընթացքում աշակերտները կհանդիպեն պատգամավորների, քաղաքական և հանրային հեղինակություն ունեցող անձանց, ԱԺ աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովող ստորաբաժանումների աշխատակիցների հետ:Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանի պատմությունը՝ 1918 թվականից մինչև մեր օրերը, անդրադարձել Ազգային ժողովի շենքի կառուցման պատմությանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն աշակերտներին ներկայացրել է ժամանակակից պետության բնութագիրը, անդրադարձել ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, աշխարհիկ պետության տեսությանն ու առանձնահատկություններին: Աշակերտների խնդրանքով հանձնաժողովի նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմնի գործունեությանը, Կառավարություն-Ազգային ժողով փոխգործակցությանը:

Աշակերտները նշել են՝ ուրախ են, որ հնարավորություն ունեն մասնակցել «Ամառային դպրոցի» դասընթացներին: Նրանք վստահ են, որ դպրոցն իրենց առջև կբացի նոր հորիզոններ, կծանոթացնի կառավարման հմտություններին:

Ծրագրի մասնակիցները շրջայց են կատարել խորհրդարանի շենքի տարածքում, այցելել Ազգային ժողովի թանգարան:

«Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից»:

845