Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23 տարին: 1999 թվականի հենց այդ օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ազգային ժողովում զինված խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ոճրագործություն, ահաբեկչություն՝ ըստ էության գլխատելով պետությունը: 

Ահաբեկչությանը զոհ դարձան 8 պետական գործիչներ՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։  

678