Հայաստանին ու Ռուսաստանին կապում են  միասնական մշակույթը, պատմությունը,  հավատքը, մեծ հաղթանակը, որոնք երբեք որևէ մեկը չի կարող խլել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի  և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հետ համատեղ նիստից հետո  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը: «Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի ու Հայաստանն առանց Ռուսաստանի»,- ասաց նա:

Նա հավելեց, որ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումն անցել է ընկերական և կառուցողական մթնոլորտում:  «Պայմանավորվեցինք այն քայլերի վերաբերյալ, որոնք ապագայում երկու խորհրդարանականները պետք է իրականացնեն: Մենք ունենք բարեհաջող համագործակցության փորձ Վերին Լարսի վերաբերյալ»,-ասաց Տայսաևը՝ հավելելով, որ Լարսի հետ կապված խնդիրներ կան և այդ խնդիրների առնչությամբ աշխատանքային քարտեզ կձևավորվի, որը կօգնի հետագա քայլերում:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ հյուրերին  ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները:

«Մանրամասն տեղեկություններ տրամադրվեցին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ընդգծվեց Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ-երի անհապաղ դուրսբերման կարևորությունը»,-ասաց Հակոբյանը` արդյունավետ գնահատելով ռուս գործընկերոջ հետ հանդիպումը:

Նշենք, որ նիստի օրակարգային հարցերն էին խորհրդարանական համագործակցական շրջանակներում ԵԱՏՄ զարգացման հեռանկարներն ու առաջնահերթությունները` ներկա գլոբալ մարտահրավերների ընթացքում, ինչպես նաև Վերին Լարսի անցակետի աշխատանքներին առնչվող խնդիրները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև  հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ հարցերին, երկուստեք կարևորվել է խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների նիստերի անցկացման ձևաչափը:

1246