«Ես գնում էի գեղեցիկ կյանքի հետեւից»
- 2012 թվականն էր, արդեն 5 տարի էր, ինչ մարզից Երևան էի տեղափոխվել ու դայակ էի աշխատում։ Օրը ստանում էի 3 հազար դրամ։ Ստիպված էի եկել, ստիպված էլ անում էի այդ աշխատանքը, որ կարողանայի մորս համար դեղեր գնել։ Վաստակածս գումարը օր օրի ավելի խղճուկ էր թվում, որովհետև օր օրի թանկանում էին անհրաժեշտ դեղերը, հենց այդ ժամանակ էլ սկսեցի մտածել այլ աշխատանք փնտրելու մասին,- պատմում է Աննան (կնոջ անձնական տվյալները փոխված են նրա խնդրանքով):
Աշխատանքի փնտրտուքի ժամանակ Աննայի ծանոթներից մեկը նրան տեղեկացրել է, որ Հունաստանում դայակի թափուր հաստիք կա՝ առաջարկելով նրան մեկնել արտագնա աշխատանքի։
- Ծանոթս ինձ պատմեց գեղեցիկ և հեշտ աշխատանքի մասին, որն ինձ բարձր եկամուտ էր բերելու, պատմում էր, որ Հունաստանում հայ ընտանիքի փոքրիկի եմ խնամելու և հայերեն սովորեցնեմ։ Հեշտ աշխատանք էր թվում, որի համար մոտ 100 դոլար աշխատավարձ էի ստանալու, նաև տան վարձ ու սննդի փող չէի տալու, կարող էի գումարի մեծ մասը Հայաստան ուղարկել,- հիշում է կինը։
Ճանապարհածախսը խնայելու համար Աննան ու իր ծանոթը ավտոբուսով մեկնել են Ստամբուլ, որտեղից էլ պետք է հասնեին Հունաստան։ Հիշում է, թե ինչպես են ամբողջ ճանապարհին քննարկել գեղեցիկ ապագան։ Գունավոր երազի հետևից գնացող կնոջը, սակայն, այլ իրականություն էր սպասում։
- Ստամբուլում պետք է մնայինք մի քանի ժամ, ապա ճանապարհը շարունակեինք.... Ծանոթս գնացել էր խանութ, հետո եկավ ու պատմեց, որ ճանապարհին պայուսակը գողացել են, ասում էր այնտեղ է եղել մեր ամբողջ գումարն ու անձնագրերը... Աչքերիս դեմը սևացել էր, չգիտեի անելիքս... Ծանոթս տարավ ինձ հյուրատուն, որտեղ ես պետք է սեքսուալ փոքրիկ ծառայություն մատուցեի միջնորդին, որը մեզ օգնելու էր անձնագրերը վերականգնելու հարցում։ Ես այդ ժամանակ շատ երիտասարդ ու հիմար էի.... Մեկ տարի մնացի այնտեղ, հետո ծանր հիվանդացա, ու ինձ հետ ուղարկեցին, որ ավելորդ բեռ չլինեմ... Աստված գիտի, թե ինչպես եմ հասել Հայաստան ու ինքնասպանության մտքից հետ կանգնել,-խոսքն է ավարտում կինը։
Վերադառնալով Հայաստան՝ կինը նախ հավաքարար է աշխատել, խուսափելով շփվել հասարակության հետ և լռել՝ վախենալով այդ նույն հասարակության գնահատականից։ Այսօր նա արդեն սեփական փոքրիկ գործն է հիմնել։ Ասում է՝ երկար ժամանակ պետք եղավ, որ ոտքի կանգնի ու իրեն մարդ զգա։
Վիճակագրություն և պետական քայլեր
Թրաֆիքինգի վերաբերյալ հստակ վիճակագրություն ներկայացնելը բարդ է։ Զոհի կարգավիճակում հայտնված անձինք հաճախ լռում են. նրանք չեն ցանկանում խոսել կյանքում որևէ փուլում հայտնված դեպքի մասին։ Նրանք խուսափում են հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքից։ Շատ գործեր հաճախ չեն հասնում նաև դատարան. փաստերը բավարար չեն՝ նշում են մասնագետները։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2017 թ․-ին գրանցվել է թրաֆիքինգի 11, 2018 թ․-ին՝ 9, 2019 թ․-ին՝ 8, 2020-ին՝ 9 դեպք։ 2021 թ․-ին թրաֆիքինգի զոհերի թվի կտրուկ աճ է գրանցվել՝ հասնելով 31-ի։
Նախորդ տարվա ընթացքում 31 նույնացված զոհերից 24-ը ենթարկվել է սեռական շահագործման, իսկ 7-ը` աշխատանքային: Զոհերից 8-ը եղել է երեխա:
- Նախորդ տարի թվի կտրուկ աճ կար։ Դա հետկովիդյան և հետպատերազմյան շրջանն էր։ Այն թողել էր իր հետքը։ Այս տարի արդեն Կառավարության կողմից ձևավորված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը նույնականացրել է թրաֆիքինգի ենթարկված երեք անձի։ Ընդ որում՝ ունենք և՛ մինչև 18 տարեկան երեխա, և՛ չափահաս անձինք։ Այս ոլորտում նախարարությունը կենտրոնացած է զոհին աջակցելու ուղղությամբ,- ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար իրավունքների վարչության պետ Հովհաննիսյանը՝ չբացառելով, որ նշված թիվը կարող է աճել, քանի որ կան դեպքեր, որ դեռ քննվում են իրավապահների կողմից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակված ծառայությունների միջոցով աջակցություն է տրամադրում թրաֆիքինգի զոհերին, այդ թվում՝ նաև երեխաներին։ Աջակցությունը ներառում է՝ կացարանի տրամադրում, բնաիրային օգնություն, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում, բժշկական օգնություն և սպասարկում, իրավաբանական, հոգեբանական և խորհրդատվական օգնություն, խնամքի տրամադրում (այդ թվում՝ համապատասխան հաստատությունում), թարգմանչական ծառայությունների մատուցում, հիմնական կրթության ապահովում և այլն։ Թրաֆիքինգի զոհին, առաջնային կարիքները հոգալու համար, տրամադրվում է նաև միանվագ դրամական աջակցություն՝ շուրջ 250,000 դրամի չափով։
- Կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։ Այս տարի, օրինակ, զոհերի հասարակական կազմակերպություններից մեկի կողմից գործարկվող կացարանի ֆինանսավորման նպատակով տրամադրվել է 37 միլիոն դրամ,- նշում է նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ու հավելում, որ նախորդ երեք տարիների համեմատ՝ նշված գումարը կրկնակի մեծ է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս տարի հանրության քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ նշելով, որ դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի պահանջից:
Նշվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա համակարգային ձևով շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը` իրավական դաշտի բարելավման, կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման, վարույթի իրականացման ընթացքում զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող ընթացակարգերի կիրառման, խնդրով զբաղվող միջգերատեսչական ակտիվ համագործակցության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման միջոցով:
Այն այս պահին ամփոփման փուլում է և շուտով կուղարկվի Կառավարություն։
Արմինե Ավետիսյան