Ադրբեջանը բողոք է հղել թենիսի միջազգային ֆեդերացիային, պահանջելով պատժել հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին։ Վերջինս Ավստրալիայի բաց առաջնությունում 1/16-րդ եզրափակչում տարած հաղթանակից հետո մրցաշարը նկարահանող տեսախցիկի վրա գրել էր․ «Արցախ, ուժեղ մնա» գրությունը։ Հաջորդ հաղթանակից հետո կրկին տեսախցիկի վրա գրել էր․ «Շարունակեք հավատալ մինչեւ վերջ: Արցախ, եղիր ուժեղ»: «Թենիսում տեսախցիկի վրա գրելը յուրահատուկ ավանդույթ է, սակայն Խաչանովը դրանք չարաշահել է ու օգտագործել իր կեղտոտ նպատակների համար»:

Ադրբեջանի ֆեդերացիան նամակ է ուղարկել Միջազգային ֆեդերացիային, որում արտահայտված են մեր երկրի դեմ ուղղված փաստեր ու իրավաբանական փաստաթղթեր: Պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Խաչանովի նկատմամբ, որպեսզի նման իրավիճակ այլևս չկրկնվի»,- նշված է պաշտոնական հայտարարությունում։ Օրեր առաջ էլ Ադրբեջանում վայնասուն էր սկսվել այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» պաշոնական կայքին տված հարցազրույցում պատմելով Հայաստանի մասին՝ գծել էր նաև մեր երկրի քարտեզը։

Մասնավորապես, Մխիթարյանը թղթի վրա նկարել էր Հայաստանի և Արցախի քարտեզը, որի վրա նշել էր Երևանը, ասելով, որ կարիերայի ավարտից հետո կցանկանար վերադառնալ Երևան։ Մեր ֆուտբոլիստի այս քայլը Ադրբեջանում որակել են սադրանք։ Ավելին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈւԵՖԱ, ինչպես նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, պահանջելով պատժել հայ ֆուտբոլիստին։ Ադրբեջանցիների պնդմամբ, Մխիթարյանը թղթի վրա Արցախը ներկայացրել էր որպես Հայաստանի մաս։ Ադրբեջանական կողմը նշել էր նաև, որ հայաստանցի ֆուտբոլիստը «Ինտեր» ֆուտբոլային ակումբին ուղղակի օգտագործում է իր կեղտոտ նպատակներն իրականացնելու համար։ Անցյալ տարվա փետրվարին Ադրբեջանի չեմպիոնի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը բողոք էր ներկայացրել ՈւԵՖԱ, փետրվարի 17-ին Մարսելի «Վելոնդրոմ» մարզադաշտում Կոնֆերենցիաների լիգայի 1/16-րդ եզրափակչի «Օլիմպիկի» դեմ մրցավեճում հայերի կողմից իրականացված ակցիայի կապակցությամբ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ ֆրանսահայերը սադրանք էին կատարել ընդդեմ Ադրբեջանի՝ խախտելով նաև եվրոպական ֆուտբոլային գերատեսչության օրենքները։ «Մարսել»-«Ղարաբաղ» հանդիպմանը ներկա էին գտնվել բազմաթիվ հայ երկրպագուներ, որոնք ծածանել էին Հայաստանի և Արցախի դրոշները ինչպես նաև «Արցախը Հայաստան է» գրությամբ ցուցապաստառ պարզել։ Իրավապահ մարմինները չէին խոչընդոտել մեր հայրենակիցներին, ինչը զայրույթի ալիք է բարձրացրել Ադրբեջանում։ Բնական է, որ Ադրբեջանը ինչ-որ կերպ պետք է պատասխաներ Մարսելում տեղի ունեցածին, բայց․․․ 

Իրականում ո՞ւմ դեմ էր բողոքել ադրբեջանական կողմը, և ովքեր պետք է պատժվեին, եթե նույնիսկ ՈւԵՖԱ-ն բավարարեր պահանջը։ Այո, ՈւԵՖԱ-ի կանոնադրությանը հակասում է պաշտոնական հանդիպումների ժամանակ չճանաչված պետությունների դրոշներ ծածանել կամ քաղաքական բնույթի ցուցապաստառներ ցուցադրել։ Բայց ոչ միշտ է ՈւԵՖԱ-ն դիմում պատժամիջոցների։ Տվյալ դեպքում ՈւԵՖԱ-ն կարող էր տուգանել թերևս «Մարսել» ակումբին և «Վելոդրոմ» մարզադաշտին, բայց․․․

ՈւԵՖԱ-ն այսպես ասած «բանի տեղ» չէր դրել «Ղարաբաղի» բողոքը։ Վստահ ենք՝ ՈւԵՖԱ-ն «բանի տեղ» չի դնի նաև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքն ընդդեմ Մխիթարյանի։ Ինչ վերաբերվում է Կարեն Խաչանովի ակցիային, ապա չենք կարծում, որ թենիսի միջազգային ֆեդերացիան որոշում կկայացնի հօգուտ Ադրբեջանի։ Միջազգային մարզական կառույցները ուղղակի պատեհ չեն համարում ներքաշվել Ադրբեջանի քաղաքական էժանագին մանիպուլյացաների մեջ։ Պետք է արձանագրենք, որ «աստղերի» կողմից նման ակցիաներ իրականացնելը պայքարի միջոց է։

Այո, շատ ավելի ոգեճնչող կլիներ, որ Արցախն իսկապես Հայաստանի մաս կազմեր և նպանատիպ ակցիաներ իրականացնեին ադրբեջանցիները։ Յուրաքանչյուր հայի երազանքն է, որ նման ակցիաների կարիքը այլևս չլինի, բայց․․․ Դրանք շարունակվելու են։ Շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ սայլը տեղից չենք շարժել։ Շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ արդարությունը չի հաղթել։

Աղբյուր՝ 1in.am

1021