Քաղաքագետ Մովսես Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ մարդատար մեքենայի վրա պատկերված է գրություն՝ «Նիկոլականների մուտքը արգելվում է» վերտառությամբ:

Քաղաքագետը նկատել է, որ վստահաբար, աշխարհի մեկ այլ երկրում ոչ մեկը չի կարող տաքսու վրա հանդիպել «բայդենականների մուտքը արգելվում է» կամ էլ «մակրոնականների մուտքը արգելվում է» գրություններ։

Ըստ նրա՝ ազգային միասնությունից խոսողները, ներքին համերաշխության մասին ամենօրյա ռեժիմով ճառողները, Հայկ Մարությանի սև ու սպիտակի բաժանումից դժգոհողները, սակայն, այսօր հպարտորեն տարածում են այս լուսանկարը։

«Մեր նման փոքր, անչափ քաղաքականացված ու տաքարյուն հասարակություններում, երբ նման փոքր բաներն անգամ կարող են հանգեցնել անդառնալի հետևանքներով վեճերի, պետք է համապատասխան իրավական գնահատականի արժանանան իրավապահ մարմինների կողմից։

Սա ազգային թշնամանք սերմանող ատելության խոսքի ակնհայտ օրինակ է։ Նույնկերպ այն դատապարտելի կլիներ, երբ գրված լիներ, որ արգելվում է, օրինակ, «լևոնականների, քոչարյանականների կամ սերժականների» մուտքը»,- շեշտել է նա:

Լուսանկարը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նկատելով, որ սույն ավտոմեքենայի վարորդը / սեփականատերը չէ՞ր կարողանում ավտոմեքենայի համարը ցուցադրել, որ «նիկոլականները» չնստեն։

«Չէ՞որ դա ավելի «ճիշտ» հայտարարություն կլիներ, թե՞ «նիկոլականների» մեծաքանակությունից է վախեցել, որ համարանիշը չի ցուցադրել: Կարևորը, որ «ակցիան» թերթերում, կայքերում տպվի՞: Ակցիան, ակցիա։ Բայց արժե, որ դրա հեղինակն իմանա, որ ցանկացած հիմքով խտրականությունը Հայաստանում քրեորեն պատժելի է, ու իրեն շատ հանգիստ կարող են դատել սրա համար։ Եվ ոչ մի ակցիա ու փաստաբան չեն փրկի...»,- նշել է Սաֆարյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ նա միգուցե իր ընտանիքի «նիկոլական» անդամներին իրավունք ունենա արգելել նստել միկրոբուսը, բայց եթե հանրային սպասարկում է իրականացնում, թեկուզև սեփական մեքենայով, վստահաբար պրոբլեմ ունի։

3609