Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի ուղեկցությամբ փետրվարի 7-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: «Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, աշխատարաններ, երաժշտական ստուդիա և կինոթատրոն։ Հյուրերը ծանոթացել են «Թումո» կենտրոնի հնարավորություններին, ստեղծված պայմաններին, գործունեությանն ու ծրագրերին, ունկնդրել են Թումոյի ուսանողական երաժշտական խմբի ստեղծագործությունները: 

Հաջորդիվ կայացած քննարկման ընթացքում նախարարները և պատվիրակության անդամները կարևորել են կրթական կենտրոնի գործունեությունը, նշել, որ այն կարող է ուրույն դերակատարություն ունենալ Հայաստանի և Խորվաթիայի միջև կրթական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկու երկրների երիտասարդության և ապագա սերունդների միջև կապերի ամրապնդման գործում: Հանդիպման ավարտին Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ընդգծել է, որ շատ տպավորված է կենտրոնի գործունեությամբ և նշել, որ մոտ ապագայում կարելի է դիտարկել Գյումրի և Դուբրովնիկ գործընկեր քաղաքների տեխնոլոգիական կենտրոնների միջև համագործակցության հնարավորությունը: 

 

438