Flyone Armenia ավիաընկերության համար 2022 թվականի դեկտեմբեր ամիսը եղել է նոր  ուղղությունների մեկնարկի աննախադեպ շրջան: 2023 թվականին նոր ուղղություններն ավելանալու են. ընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Դյուսելդորֆ-Երևան ուղղությամբ, ապրիլից ամբողջ ծավալով վերականգնվելու են դեպի Բեյրութ ուղիղ չվերթերը, ավիաընկերության թռիչքային քարտեզի վրա տեղ են գտնելու Թեհրանը և երկու ռուսական ուղղություն՝ Նովոսիբիրսկը  և Սամարան:

Ընկերությունը  հետաքրքրված է նաև դեպի Հնդկաստան չվերթեր իրականացնելու հեռանկարով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ ընդգծելով, որ նոր ուղղությունների կոնկրետ մեկնարկային օրերը նախապես կհայտարարվեն, որպեսզի ուղևորները կարողանան իրենց ճամփորդությունները 2023 թվականի ամառային թռիչքային շրջանի համար կանխատեսել:

 Ավիաընկերության տնօրենը նշեց, որ Flyone Armenia ավիաընկերությունը  իր գործունեությունը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 18-ին` Երևան-Լիոն-Երևան  ուղիղ չվերթով:

«2022 թվականի փետրվարից Flyօne Armenia-ն իրականացնում է Երևան-Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթերը, իսկ մարտ ամսից սկսած՝ ավիաընկերությունը, ըստ էության, մտավ զարգացման հաջորդ փուլ, երբ առաջանցիկ արագությամբ ավելացան մեր ուղղությունները դեպի Ռուսաստանի Դաշնության քաղաքներ: Այս պահին մենք  ամեն օր չվերթեր ենք իրականացնում Մոսկվայի երկու օդանավակայաններ՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո», դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Եկատերինբուրգ քաղաքներ: Չվերթեր ենք իրականացնում նաև  դեպի Քիշնև և Թբիլիսի: Եվրոպական ուղղություններով՝ ի լրումն Լիոնի, չվերթեր իրականացնում ենք նաև դեպի Փարիզ և Միլան: Իսկ  մերձավորարևելյան մեր ուղղություններն են Դուբայը, Թել Ավիվը և Շարմ էլ Շեյխը»,- ասաց նա:

Արամ Անանյանը փաստեց, որ ավիաընկերությունն այսօր ծածկում է, թերևս, Հայաստանի ամենալայն թռիչքային աշխարհագրությունը: 2022 թվականին նաև Flyone Armenia-ն դարձավ Հայաստանի ավիացիոն առաջատարը, քանի որ, վիճակագրական տվյալներով,  ամենաշատը դեպի Հայաստան և Հայաստանից դուրս ուղևորներ տեղափոխած ավիաընկերությունն է:

«Եվ որպես ազգային բյուջետային ավիափոխադրող՝ այդ նշաձողը մեզ շատ պարտավորեցնում է, և առաջիկայում պատրաստվում ենք այդ թիվը կրկնապատկել: Մենք մոտավորապես երկու տասնյակ քաղաքներ միացնում ենք Երևանի հետ: Առաջիկայում նաև նախատեսում ենք օդանավային պարկի տեսանելի ավելացում, նաև՝ աշխարհագրության ընդլայնում: Այս պահի դրությամբ Flyone Armenia-ն շահագործում է Airbus A320  և Airbus A319 դասի հինգ օդանավեր: Այս առումով  2023 թվականին շարունակելու ենք ջանքեր գործադրել, որպեսզի մեր օդանավերի պարկը համալրվի, որովհետև դա մեզ հնարավորություն կտա իրականացնել չվերթեր նոր ուղղություններով»,-ընդգծեց Անանյանը:

Անդրադառնալով ավիաընկերության նոր նախաձեռնություններին՝ Արամ Անանյանը նշեց, որ 2022 թվականին ավիաընկերությունը  հիմնադրել է  TRAVEL ONE նոր տուրօպերատորը: «Այսինքն՝ այն,  ինչ համաշխարհային փորձում կա, կիրառում ենք նաև Հայաստանում: Ցանկացած ավիաընկերություն իր զարգացման մի հանգրվանում պետք է նաև առաջարկի զբոսաշրջային ծառայություններ, և այս համատեքստում TRAVEL ONE տուրօպերատորի ստեղծումը պատահական չէ: Մեր նպատակն է այս ասպարեզում ևս դառնալ առաջատարը, որովհետև տեսնում ենք, որ հասանելի, որակյալ տուրիստական փաթեթների պահանջարկ մեր երկրում կա»,- ասաց Անանյանը: 

Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահի խոսքով՝ իրենց  առաքելությունը ի սկզբանե հետևյալն էր՝ ապահովել հասանելի, անվտանգ, մատչելի չվերթեր ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների, գործարարների, մարդկանց լայն շրջանակի համար:

Արամ Անանյանը մեծ ոգևորությամբ նշեց, որ այս տարվա իրենց հետաքրքրությունների շրջանակում են դեպի Արևելք ուղղությունները, մասնավորապես դեպի Հնդկաստան չվերթերի իրականացումը: «Ավիացիայի ոլորտում  զարգացումները երբեք չես կարող կանխատեսել՝ արդյոք  այդ ուղղությունը, որը պետք է մեկնարկես, չի՞ դառնալու նոր, բավական պահանջված ու հետաքրքիր: Այս առումով մենք համարում ենք, որ դեպի Հնդկաստան չվերթերի մեկնարկը կարող է այդ նոր հնարավորությունների սկիզբը լինել»,- ասաց նա:

Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը ընդգծեց նաև այն, որ ավիաընկերությունը 2022 թվականին մեծ ներդրումներ է  արել մարդկային կապիտալի մեջ,  ավիացիոն ոլորտի մի շարք մասնագետների, այդ թվում՝ օդաչուների հնարավորություն տալով վերադառնալ և աշխատել հայրենիքում:

Գայանե Գաբոյան

 

452