«Չգիտեմ՝ այդ շարասյունը որ համարը որն էր՝  5-ը, 6-ը, թե 15-ը, բայց  նման  մի հակապետական շարասյուն իրոք գործել է զինված ուժերում, խուճապ տարածել ու քաոս ստեղծել, ինչն էլ հանգեցրել է մեր պարտությանը։ Եվ երբ երկրի առաջին դեմքը  նման բան է հայտարարում, ուրեմն ունի բավականաչափ ինֆորմացիա և փաստեր։ Այո՛, մենք իրավունք չունենք թաքցնելու նման արատավոր երևույթները, պետք է բարձրաձայնենք, պետք է ֆիքսենք մեզ պարտության տարած պատճառները,   որպեսզի կարողանանք վերջապես ազատվել մեր ներսի տականքից։ Մինչև մեզ խանգարողներին մեր ոտքի տակից չհանենք,  մեզանից չհեռացնենք,  չենք կարող մեր մեջքը շտկել ու առաջ գնալ՝ նոր հաղթանակներ կերտելու»,- civic.am-ի հետ զրուցում  հայտարարեց 44-օրյա,  Առաջին արցախյան,  ապրիլյան պատերազմների մասնակից, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ «իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն, սա իմ համոզմունքն է՝ մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»։ 

«Հավանաբար պատկերացնում եք՝ ինչ ուժի մասին է խոսքը, ինչ ասել է «5-րդ շարասյուն»։ Ես, որպես պրակտիկ զինվորական, կարող եմ ասել՝  ինքս եղել եմ հյուսիսային ուղղության վրա՝ Քարվաճառի ուղղությամբ, որն ի սկզբանե  հիմնական մարտական գործողությունների գլխավոր հարվածային ուղղությունն էր։ Զինվորականները կհավաստեն, որ Ադրբեջանի համար գլխավոր  հարվածային ուղղությունը  հենց  հյուսիսայինն էր, քանի որ եթե այս ուղղությամբ ունենային  հաջողություններ,  միանգամից Քարվաճառի, Լաչինի ճանապարհը կփակեին։ Եթե կարողանային Քարվաճառի առաջնագիծը գրավել՝ բարձունքներ վերցնելուց հետո, այնտեղ իրենց կանգնեցնելու, գործողությունները կասեցնելու հնարավորություն չէր լինի՝ մինչև Լաչինի ճանապարհը վերցնելը։ Բայց մենք՝ կամավորականներս, նույն զենքով, միջոցներով, բանակի ստորաբաժանումների հետ միասին, կարողացել ենք կազմակերպված  մարտ վարել։ Այո, եղել են  փորձեր՝ ստեղծել մթնոլորտ, թե իբր «հողերը տրված են, ծախված են», բայց մենք կարողացանք չեզոքացնել նման ասեկոսեները, շեշտը դնել կազմակերպված, գրագետ մարտական գործողություններ վարելու վրա և կարողացանք հաջողություն ունենալ»,- նշեց Պետրոսյանը։ 

Նրա խոսքով՝  հոկտեմբերի 1-ի դրությամբ հայկական զինուժը  հարավային ուղղությամբ  լուրջ խնդիր չի ունեցել,  հակառակորդը կարողացել էր որոշակի հաջողություն ունենալ հյուսիսային ուղղությամբ՝ Թալիշի, Մարտակերտի կարևոր նշանակության  որոշ  բարձունքներ վերցնել։ Սակայն, ազատամարտիկի հավաստմամբ,   կարողացել են  հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը կազմակերպված մարտ վարելով հետ վերցնել գրավված  բարձունքները, իրավիճակը վերցնել իրենց  ձեռքն ու անառիկ պահել Քարվաճառը։  «Հակառակորդը  հիմնական հարվածային ուղղությունը սկսեց  հարավային ուղղությամբ, և այդտեղ, որտեղ շատ ավելի մեծաթիվ ուժեր ունեինք ուղարկված, և որտեղ ավելի հեշտ էր պաշտպանություն իրականացնել՝ հակաօդային պաշտպանության միջոցների կիրառում, «դզոտների», թաքստոցների արագ պատրաստում և այլն,  այո՛, աշխատեց «5-րդ շարասյան» մեխանիզմը՝ խուճապ զորքերի մեջ, կեղծ լուրերի տարածում, որի նպատակը քաոս, անկառավարելիություն  ստեղծելն էր»,- բացատրեց Պետրոսյանը։ Վերջինս հավելեց նաև, որ պարբերաբար  կապի մեջ է եղել ԶՈՒ տարբեր ջոկատների, ստորաբաժանումների հետ, և «այդտեղից մեզ ինֆորմացիա էր գալիս, թե չգիտենք մեր անելիքները, «հողերը ծախված են» և այլն, և այլն»։ 

Այդ վտանգավոր ասեկոսեները, ըստ մեր զրուցակցի,  իրենց ազդեցությունն ունեցան նաև թիկունքի վրա։  «Զինկոմիսարիատներում հազարավոր կամավորականներ էին հերթագրվում, որպեսզի մեկնեին ռազմաճակատ, բայց մի քանի օր անց՝ հոկտեմբերի 3-4-ից հետո, երբ  արհեստականորեն ստեղծված խուճապը, թե՝ զինվորներն ու կամավորականներն  անտեր են,  անզեն են և այլն, հասավ թիկունք, մարդիկ մտքափոխվեցին՝  հրաժարվեցին մեկնել մարտի դաշտ։ Հարավային ուղղությամբ, այո, պարտության հիմնական պատճառը եղել է  զինվորին ու  կամավորականին հոգեբանորեն կոտրելը։  Պետք է թափանցիկ, բաց ու բազմակողմանի հետաքննություն իրականացվի, պետք է բացահայտվեն այդ հակապետական ուժերը,  ժողովուրդը պետք է իմանա՝ ովքեր են եղել, ում կողմից են ուղղորդվել։  Դա մեկ-երկու հոգու խնդիր չէր կարող լինել, դա կազմակերպված գործողություն էր, որը, հակված եմ կարծել, ուղղորդվել է  թշնամու կողմից։  Իրենք օգնեցին թշնամուն իրենց գործողություններով, թե չէ՝ հայ զինվորը, հայ զինականը չի պարտվել։ Մենք պարտվել ենք մեր ներքին տականքին, որին քննությամբ պետք է բացահայտենք։  Եվ մինչև չթոթափենք մեր ներքին արատները՝ դավաճանությունը, հայրենադավությունը, առաջ չենք կարող շարժվել»։ 

Մեր հարցին՝ մինչև այժմ առեղծված է Շուշիի անկումը, գուցե նույն՝ «5-րդ շարասյան»  ծրագրավորված  գործողությունների հետևանքո՞վ կորցրինք այն՝ Պետրոսյանը պատասխանեց. «Ես Շուշիում չեմ եղել, չեմ կարող կոնկրետ բան ասել, բայց նոյեմբերի 5-ին Ղարաբաղից եկող  (քաղաքացիական անձանց)  ավտոշարասյունը Քարվաճառով փախչում էր։ Ներսի արհեստական խուճապը մարդկանց ոտքի էր հանել, և դա, բնականաբար, ազդեց նաև զորքի վրա»։  

Խուճապ տարածողները, ըստ մեր զրուցակցի, ենթադրաբար այն մարդիկ էին, ովքեր Երևանում իշխանափոխության հարց էին փորձում լուծել։  «Ես պրակտիկ մարդ եմ և փաստերով եմ առաջնորդվում՝ հարավում մինչև հոկտեմբերի 1-ը ոչ մի խնդիր չի եղել։  Խոսում են՝ գեներալներ կային, որոնց չէին թողնում մտնել բունկեր՝ կառավարման կենտրոն։ Ի՞նչ բունկերի խնդիր կար, չեմ հասկանում, ես գնացել, մարտական գործողություններին մասնակցել եմ որպես զինվոր, նստել եմ «Ուրալը», գնացել մարտական առաջադրանք կատարելու։ Ինչ է՝ Հադրութի, Ասկերանի կամ մյուս տարածքների կռված տղերքը պետք է սպասեին բունկեր մտնելուն, նո՞ր գնային հայրենիքին իրենց ծառայությունը մատուցելու։ Մարդկանց նպատակը եղել է բունկեր  հասնելը, մինչդեռ բունկերը  պիտի լիներ առաջնագիծը, խրամատը, զինվորի կողքին լինելը։ Մենք՝ կռված տղերքս, պետք է գնայինք առաջնագիծ ու օրինակ ծառայեինք, թե ինչպես պետք է կռվել, ինչպես պաշտպանել զինվորի կյանքը, որ զինվորն էլ իր տեղում կռվեր։ Սա էր մեր առաքելությունը. ով այս առաքելությամբ գնաց, ինքն այդ ուղղության վրա հաջողեց։ Ով գնաց այն նպատակով, որ կառավարման կենտրոնում տեղավորվի, ձախողվեց ու չարիք դարձավ»։  

Ազատամարտիկի խոսքով՝ բանակը մեր սրբության սրբոցն է, մեր պետականության պահպանման երաշխիքը, սակայն բանակի մասին ով ինչ ուզում՝ խոսում է  և իր բացախոսությամբ  ինֆորմացիաներ տալիս հակառակորդին։  Նկատեցինք՝ ընդդիմության ներկայացուցիչները դժգոհում են  առաջնագծի թերի կահավորված լինելու, բանակում տիրող, այսպես ասած, «բարդակի» մասին, ինչին ի պատասխան՝ պրն Պետրոսյանը հակադարձեց. «Կահավորման մասին բարձրաձայնողները թող հիշեն իրենց ժամանակվա «կահավորանքի»՝ «կոնսերվի բանկեքի» մասին, զինվորը այ նման կահավորանքով էր դիրք պահում։  Այդ նույն վայրահաչողները  թող գնան և ծանոթանան, թե մեր նոր բնագծերում, նաև սեպտեմբերյան ագրեսիայի պատճառով ձևավորված,  ինչ իրավիճակ է։ Այսօր բանակի կահավորման մասին մտածող  փրկիչները, բանակին ժամանակին լավ «տիրություն արածները» երկար տարիներ զորքին վրանների մեջ են պահել, բայց այսօր մենք չունենք վրաններում պահվող զորք։ Մենք  Քարվաճառում չենք ունեցել ճանապարհներ և դրա պատճառով շատ դեպքերում բարձունքներ չենք կարողացել  վերցնել, թուրքերն են եկել մեզանից շուտ վերցրել, ու հետագայում մեզ համար  պրոբլեմներ են  եղել։ Հայրենիքն ու բանակն այն արժեքներն են, որոնց մասին պետք է քիչ արտահայտվել, այդ արժեքներով պետք է ապրել։ Այսօր մարդիկ կան, որոնք չգիտեմ՝ որտեղից են կառավարվում և ինչ խնդիրներ են փորձում լուծել, հավանաբար իշխանության գալու, բանակը դարձրել են իրենց համար «պլացդարմ»։ Ժողովուրդ, մի՛ արեք նման բան։ Եկեք մի կողմ դնենք մեր ներքին տարաձայնությունները և մեր բանակի հանդեպ նոր վերաբերմունք ձևավորենք։  Հանգի՛ստ թողեք բանակը։ Բոլորը թող լսեն՝ բանակի մասին ինֆորմացիաներ մի՛ տվեք, ռեպորտաժներ քի՛չ սարքեք։  Բանակի մասին ուզո՞ւմ եք բան իմանաք, գնացեք, զինվորի հետ խոսեք, հաճույք ստացեք  հայ զինականից, հայ սպայից։ Գնում ես առաջնագիծ՝ հոգիդ լցվում է խինդ ու հպարտությամբ, գալիս ես թիկունք՝քաոս է ու ոխերիմություն։ Բոլորիս կոչ եմ անում՝ լինենք հայրենիքի զինվորը և ոչ թե թիկունքից դանակ խրողը»։ 

Աղբյուրը՝ civic.am

884