Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ 2024 որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ 

Հանդիպման նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի մամուլի ասուլիսը։ 

«Աստանայի հետ ստորագրել եմ նոր պայմանագիր և շատ ուրախ եմ։ Հոգեբանական տեսանկյունից խնդիր չունեմ, ֆիզիկապես առավել ևս։ Չհաշված փոքր վնասվածքների, թիմը շատ լավ տեսք ունի»,-ասել է Հարոյանը։ 

Թիմի ավագը ընդգծել է, որ Թուրքիայի հավաքականը լավ թիմ է։ «Որակով ֆուտբոլիստներ ունեն շատ և շատերը խաղում են թոփ լիգաներում։ Ուսումնասիրել ենք Թուրքիայի հավաքականին։ Գիտենք և թույլ և ուժեղ կողմերը։ Կփորձենք փակել թույլ կողմերը և օգտագործել ուժեղ կողմերը։ Մենք շատ լավ ենք տրամադրված։ Բոլորս էլ գիտենք սա ինչ խաղ է մեզ համար»։

«Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը բացասական կանդրադառնա․ նրա ներկայությունը կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն ինչ ունենք»,-ասել է Հարոյանը՝ նաև վստահեցրեց, որ Հրանտ Ռանոսը շատ լավ որակներ ունի և հետագայում շատ կօգնի։

«Իհարկե այս խմբում մենք ֆավորիտը չենք և պետք է ամեն խաղին պատրաստվենք, ոնցոր վերջինին։ Այս խաղը խաղում ենք մեր տանը և պետք է լավ խաղ ցուցադրենք։ Բոլորս էլ հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի նշանակությունը։ Մեր հիմնական մրցակիցն է»,-ասել է Հարոյանը։ 

1059