ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «իրոք զայրացած է», քանի որ Կիևն իր այցի ծրագրում ներառել էր ուկրաինացի զինվորների պարգևատրման արարողությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնի և ամերիկյան հետախուզության գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնվել են համացանցում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 8-ին այցելել է Կիև՝ հացահատիկի գործարքը քննարկելու համար։ Հրատարակության տվյալներով՝ Գուտերեշը «իրոք կատաղած է», քանի որ առանց նախնական խորհրդակցությունների, այցի ծրագրում ավելացվել է ուկրաինացի զինվորների պարգեւատրման արարողությունը։ Փաստաթղթերում ասվում է, որ Գուտերեշն «ընդգծել է, որ ինքը անընդհատ փորձել է չժպտալ» արարողության ժամանակ։
Հրատարակության համաձայն՝ գաղտնի փաստաթղթերում ասվում է նաև, որ Գուտերեշը «ուրախ չէր» Կիև մեկնելու հնարավորությունից։ ՄԱԿ-ի անանուն դիվանագետի խոսքով՝ գլխավոր քարտուղարը մի քանի շաբաթ ճանապարհին էր և ուրախ չէր հերթական երկար թռիչքի համար։
Ավելի վաղ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ Գուտերեշը չի զարմացել, որ իր հեռախոսային խոսակցությունները կարող են գաղտնալսվել։