Ատոմակայանի վերազինման մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին, ինչի արդյունքում երկարացվեց ատոմակայանի աշխատանքի ժամկետը, հիմա աշխատանքների երկրորդ փուլ ենք մտնում և ժամկետը կերկարացնենք մինչև 2036 թվականը: Այս մասին այսօր Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Նոր ատոմակայանի հետ կապված աշխատանքներ կան, այն բավական լուրջ, բարդ որոշում է՝ սկսած իր ֆինանսական, քաղաքական, էներգետիկ, ժամանակային առումով, բազմաթիվ կոմպոնենտներ կան», -ասաց նա:

Գնել Սանոսյանը նշեց, որ հաշվարկներ են արվում, որպեսզի հասկանան, թե ինչ մոդելի, հզորության ատոմակայան կառուցեն: Նա ասաց, որ այդ աշխատանքներում պետք է շտապել, քանի որ նոր կառուցվող ատոմակայանների համար 8-10 տարի կառուցման ժամկետ է պահանջվում:

Անդրադառնալով վերականգնվող էներգիային՝ նախարարն ասաց, որ այն բարձր տեմպերով զարգանում է: «Նախորդ տարի արևային կայաններն արտադրել են 170 տոկոսով ավելի էներգիա, քան 2021 թվականին»,- ասաց նա:

741