
FlyOne Armenia ավիաընկերությունը մեկ շաբաթվա մեջ, արդեն երկրորդ անգամ, հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Արդեն երկրորդ անգամ պատճառը դեպի Դուբայ չվերթի չեղարկումն է: Սրան հավելվում է նաև Թուրքիայի կողմից հայկական ընկերությունների համար դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու արգելանքը, որն ազդեց բացառապես այդ ընկերության վրա: Մենք հեռու ենք այն մտքից, որ ավիաընկերությունը երկու անգամ իրար հետևից հաջողությամբ «կրակում է» սեփական ոտքերին, ավելին, չենք կարծում, թե թռիչքային գործունեության թույլտվություն ստացած կառույցը չունի այն մասնագիտական բազիսը, որը հնարավորություն կտա անխափան չվերթեր իրականացնել:
Ուղղակի` դժվար է պատկերացնել այնպիսի ընկերություն, որը 2022 թվականի տվյալներով Հայաստանում շրջանցում է անգամ միջազգային ավիաընկերություններին, իսկ այժմ, ավիացիոն շրջանի մեկնարկին, հայտնվում է ռեպուտացիոն փոսի մեջ:
Այս դեպքում մնում է միայն քննարկել այլ տարբերակներ։ Ամենայն հավանականությամբ, կան որոշ ուժեր, որոնց ձեռնտու չէ հայկական ավիացիայի զարգացումը: Այդ ուժերը կարող են լինել թե´ ներքին, թե´ արտաքին: Ներքին «չուզողները» նրանք են, ովքեր ծառայում են արտաքին ուժերին։ Արտաքին «չուզողներն» էլ Հայաստանի թշնամիներն են, որոնք ամեն ինչ անում են Հայաստանի հզորացումը, զարգացումը խաթարելու համար` առաջ մղելով իրենց ընկերություններին։
Այս ամենը մեր հանրությունը պետք է շատ լավ գիտակցի։ FlyOne Armenia-ն միայն բիզնես չէ, այն Հայաստանի Հանրապետության համար ստրատեգիական կառույց է։
Ներքին դիմադրության համար տրամաբանությունը պարզ է, ավելի հեշտ ու արագ եկամուտ է բերում այն ոլորտը, ներքին գործող անձինք, ներդրողները, կազմակերպությունները, որոնք շահագրգիռ են դաշտի կանոնակարգմամբ: Շարքը կարելի է անվերջ շարունակել: Իսկ երկրից դուրս «չուզողներ»` ինչքա´ն ուզես: Մի հարևանը «փակում է օդը», մյուս երկուսը` բացահայտ խրախուսում են իրենց ընկերություններին, չորրորդի մասին խոսելն ավելորդ է: