Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի շուրջ հերթական քննարկումն է տեղի ունեցել:
 
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակմամբ կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (Հայաստան), Սոլյուտոն ՍՊԸ (Հայաստան), DHP Conservation Ltd. (Չեխիա), NaravaNarave d.o.o (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։
 
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
 
Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նախարարին է ներկայացվել նախորդ հանդիպումների ժամանակ քննարկված և գույքագրված խնդիրների շուրջ արդեն իսկ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։
 
Հիշեցնենք, որ «Սևան» ազգային պարկի կառավարման նախորդ պլանը մշակվել է 2007 թվականին, որն այլևս չի թարմացվել։ Քննարկվել են «Սևան» ազգային պարկի սահմանների վերանայման և սահմանագծման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնական խնդիրները, մասնավորապես՝ կադաստրային քարտեզներում բնապահպանական և այլ հողատեսքերի միջև առկա քարտեզագրական շեղումները, կառավարման պլանի կազմման շրջանակում առաջիկայում նախատեսվում է սահմանների քարտեզի ներկայացում համայնքների ղեկավարներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին և այլ շահագրգիռ կողմերին՝ համաձայնեցման նպատակով։
 
Նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ հորդորել է գործընկերներին՝ առավել հետևողական լինել խնդիրների գույքագրման հարցում։

330