2022թ.-ի տարեկան արդյունքներով ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 2 տրլն 63.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 22.5%-ով:
Պետական բյուջեի ծախսերը 2022թ.-ին կազմել են 2 տրլն 242.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 11.9%-ով:
2022թ.-ի ընթացքում ձևավորվել է պետական բյուջեի 179.5 մլրդ դրամ պակասուրդ՝ նախորդ տարվա 320.5 մլրդ դրամի համեմատ:
2022թ.-ին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 926 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 4.4%-ով ավելի են պլանավորված ցուցանիշի նկատմամբ, իսկ 2021թ.-ի համեմատ աճը կազմել է 21.4%։
2022 թ.-ի արդյունքներով տեղի է ունեցել պետական բյուջեի ծախսերի կառուցվածքի բարելավում՝ ընթացիկ ծախսերի նվազման և կապիտալ ծախսերի աճի տեսքով: Մասնավորապես՝ ընթացիկ ծախսերի կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 21.9%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3.7 տոկոսային կետով, իսկ կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր) կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 4.6%` նախորդ տարվա համեմատ աճելով 1.5 տոկոսային կետով:
2022թ.-ին ընթացիկ ծախսերը կազմել են 1,862.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4.2%-ով, իսկ կապիտալ ծախսերը կազմել են 389.1 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 78.2%-ով:
2022թ.-ին գործազրկությունը վերջին 5 տարվա ընթացքում ամենացածրն է. այն կազմել է 13%՝ 2021թ.-ի 15.5%-ի համեմատ:
2022թ.-ի դեկտեմբերին գրանցվել է աշխատողների թվաքանակի ամենաբարձր ցուցանիշը։ 2022թ.-ի դեկտեմբերին այն կազմել է 708 հազար 906։ 2018թ.-ի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 260 հազար 161 աշխատատեղ, որը 2018թ.-ի ապրիլի ցուցանիշը գերազանցում է 29.6%-ով:
2022թ.-ին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 15.5%-ով: Իրական աշխատավարձն աճել է 6.3%-ով:
2022թ.-ին ատեստավորման արդյունքում գիտության ոլորտում լաբորանտի աշխատավարձն աճել է 52%-ով, ավագ լաբորանտինը՝ 45%-ով, կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը՝ 40%-ով, գիտաշխատողինը՝ 66%-ով, ավագ գիտաշխատողինը՝ 102%-ով։
2022թ.-ին որոշում է կայացվել զինծառայողների աշխատավարձը կամավոր ատեստավորման բերումով զինծառայողների աշխատավարձերը բարձրացնել առնվազն 2 անգամ։