«Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ ու եթե չկիսեի՝ քաղաքական թիմում չէի լինի»,- ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամբողջությամբ կիսում է արդյոք Նիկոլ Փաշինյանի տեսակետները եւ Արցախի, եւ անկլավների վերաբերյալ:
Հարությունյանը նաև ասաց, թե անկլավների վերաբերյալ տարբեր տարբերակներ են քննարկվում:
Հարցին, թե ինչ տեսակետ ունի Տիգրանաշենի մասով. կարծում է, որ այն պետք է տրվի Ադրբեջանին՝ տեղը ստանալով Արծվաշե՞նը, թե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա կա, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ այդ հարցերին վարչապետն ամբողջական պատասխան տվել է, ավելացնելու բան չունեմ: Տարբեր տարբերակներ են քննարկվում, այս պահին որեւէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ, կամ՝ ոչ»:
Նա հավելեց, որ Քիշնեւի բանակցությունների մասին ոչինչ չի կարող ասել, որովհետեւ պատվիրակությունը ուշ է վերադարձել, տեղեկություններ դեռ չունի:
Հարությունյանը հերքեց լուրն այն մասին, թե կառավարությունում խաղաղության պայմանագրի վերաբերյալ փաստաթուղթ է շրջանառվում.
«Չկա նման փաստաթուղթ: Ես տեսել եմ այդ տեղեկությունը, թե իբր վարչության պետ են դրա համար հեռացնում: Դա աբսուրդ է, սուտ, կեղծիք: Նա ազատվել է սեփական դիմումի համաձայն»: