Սա պայքար չէ, սա ինչ-որ ինտրիգի փորձ է, որովհետև նրանց անցած ճանապարհը ցույց տվեց, որ նրանք չունեն սոցիալական հենարան, նրանք մարգինալներ են, նրանք կապ չունեն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի հասարակության շահերի հետ: Այս մասին  Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանի հայտարարությանն այն մասին, որ խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում։ 

Քաղաքագետը նշեց, որ ընդդիմության սրբազան իրավունքն է օրենքով չարգելված ցանկացած ձևով իրենց գաղափարները առաջ տանել: «Բայց այս քաղաքական ուժերը, որոնք նման հավակնությունների մասին են խոսում,  փորձը ցույց է տալիս, որ դա նրանց մոտ կարծես թե լավ չի ստացվում, և չեմ կարծում, թե ժամկետանց օրակարգով նրանք ինչ-որ հաջողելու շանսեր կունենան, չնայած՝ իրենց գուցե թվում է այլ բան»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հասարակության տրամադրվածություններին, ապա Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ իր տպավորությամբ՝ հայ ժողովուրդը միանգամայն այլ տրամադրվածություն ունի, որը որևէ կերպ չի համընկնում իրենց տրամադրվածության, ցանկությունների հետ, թեև գուցե նրանք այլ բան են մտածում, և  ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ մտածում:

«Ընդդիմությունը առաջարկներ չունի, զբաղված է հեքիաթասացությամբ և ընդամենը ասում են, որ ինչ արվում է՝ վատ է, և ասում են՝ մեզ տվեք իշխանություն, և մենք կասենք ու կանենք, իսկ այդպես չի լինում, այսինքն՝ անլուրջ խոսակցություն է: Գուցե նրանց մեջ ինչ-որ քաղաքական հանճար արթնանա և ինչ-որ նոր բաներ ասեն, բայց կարծես նման նախանշաններ ես չեմ տեսնում»,- ասաց նա:

1366