Երեկ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի» հետ 44-օրյա պատերազմի ռազմական բաղադրիչը թեմայով հաղորդաշարի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ սկսվեց պատերազմը ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնել է․

«Այս հարցը շատ է քննարկվել, և անկախ վարչապետի այցից Ազգային ժողով, առնվազն 2022 թվականի փետրվարից հետո ինձ և այս ամենին պրոֆեսիոնալ հետևող մարդկանց համար միամտություն է այլ պատճառ փնտրել, քան իրական աշխարհաքաղաքական պատճառները պատերազմը սկսելու համար։ Պարզ է, որ մեկ պատճառ չէր, պարզ պատճառներ էլ չէին, բայց աշխարհաքաղաքական հիմնական պատճառները առնվազն ռեգիոնալ խոշոր ուժերի փոխհարաբերությունները հիմնական պատճառներն էին Արցախում, ըստ էության, թեժացնելու 2016 թվականից սկսված և չավարտված մարտական գործողությունները՝ ի դեմս 44-օրյա պատերազմի»:

Ըստ Հովհաննիսյանի, սակայն, դա միակ պատճառը չէր, աշխարհաքաղաքական այլ գործոններ ևս կային, այդ թվում՝ քովիդի հանգամանքը։

«Երեկ քննիչ հանձնաժողովում վարչապետի հարցուպատասխանի ընթացքում բաց ֆորմատով հարցերի մեջ կարևոր էր Վիլեն Գաբրիելյանի հարցը, թե ինչո՞ւ հենց աշխարհաքաղաքական պատճառները բերեցին պատերազմին, բայց դրանք կարող էին մեկ ամիս առաջ կամ հետո տեղի ունենալ։ Քովիդն էլ էր այստեղ կարևոր, և այն թրիգերը, որ հանդիսացավ 2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Եթե Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները ունեցել էին որոշակի ազդեցություն պատերազմի ժամանակահատվածի վրա, որոնք առաջին պլանում չեն, պատերազմը դա քաղաքականության շարունակությունն է, իսկ քաղաքականության վերադաս աստիճանը աշխարհաքաղաքականությունն է»,- ասել է նա:

Վերջինիս խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր շտաբները, հատուկ ծառայությունները չէին կարող իրենց աչքից բաց թողնել 2018 թվականից և դրանից հետո սկսված զինված ուժերի բարեփոխումների ցիկլը։ 2018 թվականից հետո, եթե ադրբեջանական կողմը թույլ տար, իրավիճակը կարող էր փոխվել։

«Բայց ներհայաստանյան իրադարձությունները ժողովրդավարական գործընթացներն էին, որ Հայաստանում սկսվեցին 2018 թվականին, և դրանից հետո պետության և հատկապես զինված ուժերի բարեփոխումների այն ցիկլը թուրքական գլխավոր շտաբում և ադրբեջանական գլխավոր շտաբում ու հետախուզական ծառայություններում հիմար մարդիկ չէին նստած և շատ լավ հաշվարկ էին կատարում, որ եթե 20 և ավելի տարիներ, ըստ էության, 2004 թվականից և հատկապես 2003 թվականից հետո Ադրբեջանը պատրաստվելու և ժամանակը հօգուտ իրեն օգտագործելու առումով անկասելի վեր էր բարձրացնում, իսկ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները առնվազն մեծ առումով չէին գնում այդ ճանապարհով, կա՛մ ստաբիլ էին, կա՛մ թեթև կորելացիա ունեին դեպի վերև, ապա 2018 թվականից հետո զինված ուժերի համար այն համեմատականը, որը վարչապետը հստակ բերեց՝ 345 միլիարդի փոխարեն մոտ 605 միլիարդ էր ծախսվել երկուսուկես տարում բանակի համար, շատ հստակ դրանք արտահայտված գործոններ են»,- նկատել է նա:

1089