Araratnews.am-ի ունեցած տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ խորհրդարանական ընդդիմության Քոչարյանի թևը՝ «Հայաստան» դաշինքը, ՀՅԴ-ի հետ պատրաստվում էր քաղաքապետի թեկնածու առաջադրել պատգամավոր Անդրանիկ Թևանյանին, որը ընտրություններին մասնակցելու նպատակով ստեղծել էր «Մայր Հայաստան» հասարակական-քաղաքական շարժումը և արդեն թիմ էր հավաքել։

Սակայն մեր տեղեկություններով՝  Սերժ Սարգսյանին հաջողվել է նեյտրալիզացնել ընդդիմադիր բոլոր այն գործիչներին, որոնք հավակնություններ ունեին առաջադրվելու, և այդ թվում՝ Անդրանիկ Թեւանյանին, որի հետ արդեն պայմանավորվածություն է եղել, որ չի առաջադրվելու։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարել էր Ավետիք Չալաբյանը, մամուլը գրել էր նաև Արման Թաթոյանի չառաջադրվելու մասին։ Եվ ՀՀԿ-ում մեր աղբյուրները տեղեկացնում են, որ իրենց միասնական թեկնածուն կլինի Արմեն Աշոտյանը, քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է Աշոտյանից քաղաքական կերպար ստանալ և այդ կերպ խաղի մեջ մնալ:

Հավելենք, որ Թևանյանի որոշումը անակնկալ է լինելու իր թիմակիցների համար, քանի որ նա ամեն տեղ հայտարարել է, որ առաջադրվելու է ու փորձելու է դառնալ իշխանության հիմնական ընդդիմախոսը ավագանու ընտրություններում։

Իսկ թե ինչպես է հաջողվել Սարգսյանին համոզել Թևանյանին, չենք կարող ասել: Ո՛չ կարող ենք պնդել, որ հերթական անգամ կոմպրոմատ է օգտագործել, ո՛չ էլ կարող ենք պնդել, որ փողով առել է Անդրանիկ Թևանյանին։

1466