Բավականին դինամիկ պայքար է սպասվում: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու սպասվող ընտրություններին, որի քարոզարշավը այսօրվանից մեկնարկել է: Նա նշեց, որ չի կարող կանխատեսում անել ընտրությունների արդյունքների վերաբերյալ, քանի որ Երևանում մեկ միլիոն բնակչություն կա և տարբեր կարծիքներ:

«Մենք բազային հիմք կարող ենք ընդունել 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները, որոնք ամենաթարմն  են, և այդ իմաստով իշխանության դիրքերը շատ ավելի ամուր են: Ամեն դեպքում ընտրապայքարում կանխատեսում եմ որոշակի առումով նաև տեխնոլոգիաների գործածում՝ վարկաբեկումներ, տարբեր՝ ճիշտ թե սխալ տեղեկությունների շրջանառում, հարվածներ գոտկատեղից ներքև»,- ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ իշխանությունները քարոզարշավին շեշտը կդնեն 5 տարվա փոփոխությունների վրա, իսկ ընդդիմախոսները կաշխատեն մատնացույց անել թերությունները: «Չեմ բացառում, որ ոմանք, ովքեր Արցախում զբաղված են խժդժություններով, կփորձեն Երևանի ներսում իրավիճակը ապակայունացնել»,- ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով խորհրդարանական խմբակցություններից երկու ընդդիմադիրների չմասնակցելուն, նշեց, որ նրանց չմասնակցելը կապված է անցողիկ շեմը չհաղթահարելու մտավախության հետ: «Իրենք խայտառակ ցածր ձայներ կհավաքեն ու ընտրությունների վրա հույսները չեն դրել, այլ հույսները դրել են փողոցում խժդժություններ կազմակերպելու ճանապարհով՝ ճնշում գործադրելով իշխանության գալ»,- ասաց նա և նշեց, որ արտաքին ուժերի նման նրանք ևս փորձում են ճնշում գործադրել իշխանությունների վրա:  

 

362