Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թիվ 1 հանրային լողափից «Ալկոհոլային ինտոկսիկացիա և կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ս.-ն է: Ըստ բժիշկների նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան Սևանի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Արմենիա» ԲԿ-ից տեղեկացրել են, որ Դավիթ Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական բաժնում ստացվել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտական կենտրոնի, դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացությունը, համաձայն որի Դավիթ Ս.-ի դիակի դատաբժշկական փորձանքննության իրականացման ընթացքում վերջինիս դիակի գլխի, ճակատի  և շրթունքի մասերում եղել են վնասվածքներ և նրա մոտ հայտնաբերվել է գանգուղեղային տրավմա և ինշեմիկ ինսուլտի ախտանիշներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ  20-ամյա Մարատ Հ.-ն   իր ընկերներ Դավիթ Ս.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Դ.-ի, ՌԴ քաղաքացի 26-ամյա Գլեբ Ս.-ի և 20-ամյա Գեորգի Շ.-ի (ում բնակության վայրը ճշտվում է) հետ գտնվել են Սևան քաղաքի հարևանությամբ գտնող «Up side» լողափից մոտ 500-800 մ հեռավորության վրա, որտեղ Դավիթ Ս.-ի և Գլեբ Ս.-ի միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ էլ Դավիթ Ս.-ն և Գլեբ Ս.-ն վայր են ընկել գետնին, ինչի հետևանքով Դավիթ Ս.-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։

Վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ Գլեբ.Ս.-ն բռունցքով հարվածել է Դավիթ Ս.-ի ծնոտին և վերջինս, կորցնելով գիտակցությունը՝ վայր է ընկել: Նշվում է, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտից ձերբակալվել է Մ. Հարությունյանը, իսկ Աբելյան փողոցից՝ Գ. Շահրամանյանը:Վերջիններս տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել Սևանի քննչական բաժին: Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Շահրամանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Մ. Հարությունյանը բաց է թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Հովհաննես Դ.-ին  և Գլեբ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

3410