Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքին մասնակցող Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ ուրախացել է Արայիկ Հարությունյանի հրաժարականով։ Իհարկե այստեղ տարօրինակն այն է, որ Ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը Երեւանի կենտրոնում է, այլ ոչ թե իր հայրենի հողում, բայց դա մի կողմ թողնենք՝ ավելի էական հարց կա։

Ստացվում է՝ Քոչարյանն ուրախ է, որ Լեռնային Ղարաբաղն այլեւս կարող է լեգիտիմ ընտրված ղեկավար պարզապես չունենալ, որովհետեւ ԼՂ և ՀՀ նախկին ղեկավարը չի կարող չգիտակցել, որ մի իրավիճակում, երբ Ղարաբաղի հայ բնակչության ամենակենսական իրավունքները սահմանափակված են՝ պարզապես անհնար է, որ առաջիկա տարիներին, եթե ոչ մի քանի տասնամայակ՝ ԼՂ-ում կազմակերպվեն ընտրություններ եւ առհասարակ՝ քաղաքական գործընթացներ տեղի ունենան։

Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ Քոչարյանն իր խոսույթով միացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, կիսել նրա ուրախությունը, որովհետեւ Բաքուն պատերազմից հետո միջազգային հարթակներում քարոզչություն է տարել, որ չկա Լեռնային Ղարաբաղ միավոր, իսկ դրա ղեկավար Արայիկ Հարությունյանը սեպարատիստ (անջատողական) է։

Ու երբ հիշում ենք, որ ԼՂ-ում Արայիկ Հարությունյանի դեմ արշավն իրականացնողներն ու նրան հրաժարական պարտադրողները քոչարյանասերժական կլանի ղարաբաղյան մասնաճյուղի ներկայացուցիչներն են, որից հետո Բաքուն երեկ սադրանք իրականացրեց ՀՀ սահմանին՝ պատկերն ամբողջանում է՝ Հարությունյանը հեռացվեց, որպեսզի պրոցեսը Արցախից Հայաստան տեղափոխվի եւ հերթական անգամ փորձ արվի Ղարաբաղի փրկության անվան տակ հեռացնել ՀՀ լեգիտիմ ղեկավարությանը։

 

Գեղամ Ադյան

1179