
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ պատասխանել է ամերիկյան PBS-ի լրագրող Ամնա Նավազին այն բանից հետո, երբ հեռուստաալիքի աշխատակիցը բազմիցս փորձել է ընդհատել թուրք առաջնորդին։ Հարցազրույցի սղագրությունը հրապարակվել է PBS կայքում։
Նավազը փորձել է պարզաբանող հարցեր ուղղել Էրդողանին, մինչ նախագահը պատասխանում էր ցմահ ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Օսման Քավալայի մասին հարցին։
«Դուք իրավունք չունեք ընդհատելու. Եվ դուք կհարգեք դատական իշխանության որոշումը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը նաև վստահեցրել է, որ Քավալայի վերաբերյալ որոշումը կայացվել է դատարանի կողմից՝ թուրքական օրենսդրությանը համապատասխան։
«Ինչո՞ւ է սա ձեզ այդքան անհանգստացնում: Թուրքիան օրինական պետություն է։ Իսկ օրինական երկրում նման որոշումներ կայացնում է դատական համակարգը»,- հավելել է պետության ղեկավարը։
Միաժամանակ նա պարզաբանել է, որ Քավալան եղել է բողոքի ակցիաների ֆինանսավորողը։ Էրդողանը եզրակացրել է, որ ճիշտ է համարում հարգել մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ թուրքական դատական համակարգի որոշումը։
Թուրք իրավապաշտպան Օսման Քավալան բանտարկված է 2017 թվականից։ Թուրքիայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել իշխանությունը տապալելու փորձի մեջ։ Թուրք գործարարը ցմահ ազատազրկման է դատապարտվել.