Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան կոչով դիմել է միջազգային ֆեդերացիային Արցախում էթնիկ զտումները և ցեղասպանությունը կանխելու հարցով:
Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«FIA-ն կազմակերպում է բազմաբնույթ մրցարշավային միջոցառումներ: Դրանից բացի Կազմակերպությունը, 100 տարուց ավելի մշտապես գործել է հանուն կյանքերի փրկության եւ միլիարդավոր մարդկանց համար առավել անվտանգ շարժունության ապահովման ստեղծման: Այն հանդես է գալիս որպես համաշխարհային խաղաղությանը, սոցիալական արդարությանը, հավասարությանը եւ ներառականությանը խթանող, ինչպես նաեւ ռասիզմի, խտրականության, ոտնձգությունների եւ ագրեսիայի դեմ պայքարող հզոր եւ միավորող ուժ:
Ընդամենը մի քանի օր առաջ մենք ստացանք 2023 թվականի դեկտեմբերի 5-8-ը Ադրբեջանի Բաքու քաղաքում FIA-ի Գլխավոր ասամբլեայի շաբաթվան մասնակցելու հրավեր: Ադրբեջանն այն երկիրն է, որը 2020 թվականի անարդար պատերազմից հետո մշտապես բռնություն է գործադրել հայ խաղաղ բնակչության նկատմամբ, ավերել նրանց տներն ու պաշտամունքի վայրերը եւ տասնյակ հազարավոր ընտանիքների հրահրել տեղահանության։ Վերջին ութ ամիսների ընթացքում այդ երկրի կառավարությունը ստիպեց լիակատար շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ զրկելով էլեկտրաէներգիայից, ջրից, սննդից եւ ցանկացած այլ մատակարարումից՝ ներառյալ մարդասիրական օգնությունը, դրանով իսկ սովի եւ նվաստացման ենթարկելով տեղի բնակչությանը:
Այսօր նրանք նոր պատերազմ են մսկսել խաղաղ բնակչության դեմ, որն հստակ միտում ունի իրենց նախնիների հողերում հազարամյակներով ապրող 120.000 հայերի ենթարկել լայնամասշտաբ էթնիկ զտումների:
Որպես FIA-ի շուրջ համախմբված մի մեծ ընտանիք՝ մենք պատասխանատվություն ունենք գործելու համաշխարհային կարեւորության հարցերի շուրջ: Կոչ ենք անում մեր պարտքը համարել՝ լուծել այս հրատապ խնդիրը:
Բարձրացնել իրազեկվածությունը. Օգտագործել մեր գլոբալ հարթակը՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վրա ուշադրություն հրավիրելու համար, և միանշանակ դատապարտել բռնության և էթնիկ զտումների բոլոր գործողությունները:
Հանդես գալ հանուն խաղաղության. Կոչ անել Ադրբեջանի կառավարությանը անհապաղ դադարեցնել հակամարտությունը և աշխատել խնդրի միայն խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Մեր հավաքական պարտքն է կանխել ցեղասպանության կրկնությունը, և մենք ունենք արժեքավոր փոփոխություններ իրականացնելու ներուժ:
Կոչ ենք անում FIA-ին ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում եւ գործել արագ՝ անմեղ կյանքեր փրկելու եւ համամարդկային արժեքները պաշտպանելու համար»,-նշված է կոչ-նամակում: