
ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Իրավիճակն իսկապես ճգնաժամային է: Մեր ժողովուրդն իսկապես կանգնած է ոչ միայն իր արցախցի զավակների ցեղասպանության, այլև սեփական ազատ ու ինքնիշխան պետություն ունենալու իրավունքից զրկվելու վտանգի առջև: Ադրբեջանաթուրքական տանդեմը Ռուսաստանի անթաքույց հովանավորությամբ ամեն ինչ արեց, որ ավելի քան հարյուր քսան հազար արցախցիների համար իրենց հայրենիքում ազատ ու ապահով ապրելը անհնարին դարձնի: Ինչպես հարյուր տարի առաջ, այսօր էլ մեր ժողովրդի մի ստվար զանգված, այդ թվում տասնյակ հազարավոր կանայք, ծերեր ու մանուկներ կանգնած են կոտորածի ու գաղթի ահագնացող սպառնալիքի առջև: Հաջողությունից լկտիացած թշնամին հիմա էլ բացահայտ սպառնալիքներ հնչեցնելով ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք է պահանջում, իսկ կեղծ դաշնակցի իշխանության ամենաբարձր ամբիոններից Հայաստանն իրենց ծայրագավառը դարձնելու հոխորտանքներ են հնչում: Այս իրավիճակում, երբ մեզանից յուրաքանչյուրի միակ անելիքը երկրի կայունությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելը պետք է լինի, հայտնվել են ուժեր, որոնք արդեն իսկ Հայաստանն այս հանգրվանին հասցրած իրենց տերերի հրահանգով փորձում են ապակայունացնել երկիրն ու վտանգել անգամ պետության գոյությունը: Ավելին, մեզ հասած տեղեկություններով ինչ-որ ստահակներ ու ստահակների խմբեր, առաջիկա օրերին փորձելու են բիրտ ուժ, ընդհուպ զենք կիրառել մայրաքաղաքում: ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է Բիրտ ուժի, առավել ես զենքի կիրառման ցանկացած փորձ մեր կողմից արժանանալու է կազմակերպված ու շատ ավելի բիրտ պատասխանի: ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ