
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն անդրադարձել է բռնի տեղահանված հայերի՝ Հայաստան տեղափոխման աշխատանքներին։
«Քաղաքացիները գրանցվում են, տեղի է ունենում վերջիններիս կարիքների առաջնային գնահատում, ըստ դրա` իրականացվում են համապատասխան աշխատանքները: Այստեղ գործում է նաև քաղաքացիներին առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար կետ, հոգեբանական աջակցություն է տրամադրվում քաղաքացիներին: 24-ժամյա ռեժիմով բոլոր մարմիններն աշխատում են, կայանը աշխատում է, գործում է նաև Գորիսում գտնվող կոորդինացիոն կենտրոնը, որտեղ ուղարկվում են այն քաղաքացիները, որոնք ունեն օթևանի խնդիր. այնտեղ գրանցվելուց ու կարիքները գնահատելուց հետո վերջիններիս տրամադրվում է համապատասխան կեցավայր»,- նշեց նա:
Վարդան Սարգսյանը նշեց, որ Գորիսի կոորդինացիոն կենտրոնը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնք կեցության խնդիր ունեն, և մինչ այս պահը գրանցված և կեցության համար դիմած բոլոր քաղաքացիների համար ապահովվել է համապատասխան կեցություն։
«Կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում: Միայն Սյունիքի մարզով չի սահմանափակվում»,- ասել է նա:
Ըստ Սարգսյանի, քանի դեռ քաղաքացիների հոսք կա, և նրանք կարիք ունեն գրանցվելու, գործընթացը պետք է շարունակվի։