ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իր կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև տեղահանված անձանց հետ առանձնազրույցների միջոցով վեր հանված մարդու իրավունքների խախտումները:
Հանդիպման ընթացքում պաշտպանը շեշտել է, որ անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի տարբեր ձևերի բացահայտումը, իր մանդատի համատեքստում, կարևոր է նշված խոցելի խմբերի իրավունքների երաշխավորման առնչությամբ պետական մարմիններին առաջարկություններ ներկայացնելու դիտանկյունից, քանզի հիշյալ խումբ անձանց ու նրանց հարազատների իրավունքների երաշխավորումը ենթադրում է պետության կողմից հատուկ մեթոդաբանության իրացում:

Պաշտպանը կոնկրետ փաստերով անդրադարձել է Ադրբեջանի կողմից թույլ տրված մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, մասնավորապես՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, խաղաղ բնակչության թիրախավորումներին, արդյունքում՝ քաղաքացիական բնակչության շրջանում մահվան դեպքերին, խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի դրսևորումներին, ինչպես նաև իրավունքների այլ խախտումներին: Փաստագրվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման ու այլ դեպքերի մասին տեղեկություններ, ներկայացվել են փաստերը հավաստող լուսանկարներ։

Ներկայացվել են նաև վատ վերաբերմունքի այլ դրսևորումներին առնչվող հավաքագրված փաստերը: Խոսվել է սովի արդյունքում Հայաստան հասած անձանց, այդ թվում՝ երեխաների, ծերերի, հղիների ուշաթափության դեպքերի, էթնիկ հայերի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումների մասին:

Պաշտպանը ներկաների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական մեդիայի ու սոցիալական ցանցերի մշտադիտարկումների արդյունքներին՝ արձանագրելով, որ ադրբեջանցի օգտատերերի կողմից հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող ու դրանք արդարացնող մեծաքանակ գրառումներ են առկա։ Պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը հայտնել է, որ փաստահավաք աշխատանքների արդյունքներն ամփոփվելու են և զեկույցի տեսքով ներկայացվելու են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին։

526