Գործադիրի որոշմամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ:
Ըստ հիմնավորման՝ այսօր թատրոնի ակտիվ խաղացանկում կա ավելի քան 40 ներկայացում ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար՝ ապահովելով ժանրային բազմազանությունը:
Թատրոնը մշտապես ակտիվորեն մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոնների: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա է գտնվել ավելի քան 5.000.000 հանդիսատես։ Թատրոնը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը՝ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը հանդիսանում է Հայաստանի մշակութային առաջատար թատերախմբերից մեկը և ծավալած գործունեությամբ նպաստում է ոչ միայն հայ տիկնիկային արվեստի զարգացմանը, այլև՝ մանուկների գեղագիտական դաստիրակության ապահովմանը: Թատրոնի ստեղծագործական կազմը իրականացնում է մասնագիտական վերապատրաստում, աջակցում համայնքային տիկնիկային թատերախմբերի խաղացանկի ձևավորմանը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում թատրոնն էապես բարձրացրել է տիկնիկային արվեստի որակը, հայ տիկնիկային արվեստի ներկայացվածությունը միջազգային հարթակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել համայնքային թատրոններին, էապես նպաստել է տիկնիկավարների դպրոցի կայացմանը: Միևնույն ժամանակ, թատրոնն իր իրականացված գործունեությամբ խթանում է ՀՀ-ում տիկնիկագործության զարգացումը և տիկնիկային արվեստի ժամանակակից ու նորարական մեթոդների ներդնումը: Արդյունքում՝ ակնկալվում է ֆինանսական միջոցների ավելացում, միջազգային հարթակում ավելի լայն կապերի հաստատման և նոր գործունեության ապահովում: